կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 11:46
Հասարակություն

Մարդիկ կենցաղային աղբ են նետում ոռոգման ջրանցքները` ստեղծելով ավելորդ ֆինանսական և տեխնիկական խնդիրներ. վարչապետ

Մարդիկ կենցաղային աղբ են նետում ոռոգման ջրանցքները` ստեղծելով ավելորդ ֆինանսական և տեխնիկական խնդիրներ. վարչապետ

Այսօր կառավարության նիստում վարչապետը հանձնարարական տվեց ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Վարչապետի խոսքով` գարնանը ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է ջրանցքների մաքրման ու ընթացիկ նորոգման աշխատանքներ: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն` դրանց զգալի մասն ուղղվում է ջրանցքները թափված կենցաղային և այլ բնույթի աղբի մաքրմանը, որը ձևավորվում է ոռոգման, ինչպես նաև ոչ ոռոգման ժամանակահատվածում` հարակից բնակավայրերից: Աղբը խոչընդոտում է ջրամատակարարման աշխատանքների մատակարարմանը և առաջացնում լրացուցիչ ծախսեր:

Ելնելով վերոնշյալից` վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ոստիկանության պետին, մարզպետերին և Երևանի քաղաքապետին հանձնարարեց ձեռնարկել համալիր միջոցառումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց նաև մեկամսյա ժամկետում ԱԺ ներկայացված` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների կատարման օրենսդրական փաթեթում սահմանված կարգով ներկայացնել ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու պատասխանատվության միջոցները խստացնելու վերաբերյալ լրամշակումներ:

«Շատ պարզ խնդիր է. խողովակները մաքրելու ժամանակ կենցաղային աղբ ենք տեսնում: Բերում ենք, կանալը թափում, հետո բողոքում, թե ինչու ջուր չունենք: Պարո'ն Լոքյան, մաքսիմալ կոշտ պետք է լինել: Մարզպետերը, համայնքների ղեկավարները, բոլորը պետք է պատասխանատվություն կրեն: Պարո'ն Գասպարյան, խնդրում ենք ձեր ստորաբաժանումներին հանձնարարել` մաքսիմալ  ուշադիր լինեն դրան: Մենք լրացուցիչ փող ենք ծախսում այնտեղ, որտեղ խնդիրը հենց մեր պատճառով է ստեղծվում»,- ասաց վարչապետը: