Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2018 թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Հայաստանում լուրջ քայլեր են իրականացվում կինոարտադրությունը խթանելու ուղղությամբ:
«Արդեն կառավարություն ենք ուղարկել «Կինոյի մասին» օրենքը, որի քննարկումները մասնագետների հետ շարունակվում են: Օրենքով որոշակի արտոնություններ ենք նախատեսում արտասահմանյան կինոարտադրողների համար` թե' ֆինանսական, թե' ծառայությունների մատուցման: Մենք սրանով ցանկանում ենք խթանել արտասահմանյան կինոարտադրողների գալը և Հայաստանում ֆիլմեր նկարահանելը»,- հայտնեց նախարարը:
Նա հավելեց, որ օրենքով նախատեսում են նաև ֆիլմերի արտադրության որոշակի բիզնես-մոդելների ներդրում: «Այսօր Հայաստանում կան տեղեկատվական տեխնոլոգիաների և անիմացիայի ոլորտի հրաշալի մասնագետներ, որոնք եվրոպական և ամերիկյան ֆիլմարտադրության համար պատրաստում են վիզուալ էֆեկտներ: Մեր հանրությունը տեղյակ չէ դրա մասին, քանի որ այդ ընկերություններն աշխատում են միջնորդավորված՝ եվրոպական ընկերությունների միջոցով: Մենք ցանկանում ենք ստեղծել վիզուալ քաղաք, որտեղ Հայաստանում գործող բոլոր ընկերությունները, որոնք զբաղված են վիզուալ էֆեկտների պատրաստմամբ, ինչպես նաև ձայնի մշակման աշխատանքներով, տեղ կգտնեն և հնարավորություն կունենան ուղղակիորեն աշխատելու ֆիլմ արտադրողների հետ»,- ասաց նախարարը:
Ամիրյանի խոսքով՝ այս քայլերը կնպաստեն Հայաստանում կինոարտադրության զարգացմանը: «Մենք սրանով ոչ միայն հնարավորություն կունենանք արտասահմանյան կինոարտադրողներին Հայաստան հրավիրելու, որպեսզի մեզ մոտ ֆիլմեր նկարահանեն, այլև կզարգացնենք ենթակառուցվածքները, ինչը միանշանակ կնպաստի կինոարտադրության զարգացմանը»,- եզրափակեց նախարարը: