Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն տարի մեծ շուքով, հրավառությամբ նշում էինք Երևանի 2790` չգիտեմ որերորդ տարեդարձը: Ավելին` հպարտանում ենք, որ Երևանն այդքան հին է, պատմություն ունի: Դրսում էլ` խորհրդաժողովներում, մեծ-մեծ խոսում ենք, թե` գիտե՞ք` ինչ հին քաղաք ունենք` մոռանալով ասել, որ Հին Երևանը հիմա ընդամենը թղթի վրա գրված մի նախագիծ է, ուրիշ ոչինչ: Հա, կներեք, մեկ էլ` մի քանի շենք` պաշտոնյաների ճիրաններից փրկված:
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը, կարծես, կամաց-կամաց «հունի» մեջ է մտնում, սկսում է ցույց տալ իր` պաշտոնյային բնորոշ հատկությունները: Ամիրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, թե տպարանի շենքն այնքան էլ արժեքավոր չէր, եթե արժեքավոր լիներ, կներգրավեին պատմամշակութայան արժեքների ցանկում: Հետաքրքիր է` ե՞րբ է մշակույթի նախարարությունը պատրաստվում մշակել չափանիշներ, ըստ որոնց` հնարավոր կլինի ժամանակակից շենքերը ներառել պատմամշակութային հուշարձանների ցանկում: Այն, որ մի շարք արձաններ, շենքեր ներգրավված չեն այդ ցանկում, մեղավորը նախարարությունն է, որը համառորեն չի մշակում չափանիշները. այդպես ձեռնտու է` կքանդեն ու հանգիստ խղճով կասեն` շենքը գրանցված չէր` որպես հուշարձան: Պարո'ն Ամիրյան, իսկ ո՞վ պետք է գրանցի, ո՞վ պետք է մտածի այդ մասին:
Ճարտարապետների միությունը դեռ ամիսներ առաջ նամակ է ուղարկել մշակույթի նախարարություն, թե` «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը գրանցեք, բայց ասում են` հարցը չի էլ քննարկվել, քանի որ չկան չափանիշներ, որ ժամանակակից կառույցները գնահատենք:
Երևանում մատների վրա հաշված շենքեր են մնացել` որպես պատմամշակութային արժեքներ: Նախարարությունը, հավանաբար, սպասում է այդ շինություններն էլ քանդեն, որ հետո Արմեն Ամիրյանը հայտարարի` շենքն իրականում այնքան էլ արժեքավոր չէր:
Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ Ամիրյանը նշում է նաև. «Ի՞նչ է մնացել` վերացնելու, այսօր կա՞ մի բան, որը պետք է պաշտպանենք և չենք պաշտպանում, խնդրում եմ` մատնանշեք: Դե, մի քանի հին շենք պաշտպանում ենք»:
Ամիրյանն այնքան անբռնազբոս է խոսում հին շենքերի քանդման մասին, որ հարց է առաջանում` այդ շենքերի հետ կապված մի՞թե որևէ հուշ չունեք: Մշակույթի նախարարը վստահ է` այսօրվա Երևանն էլ է նպաստում տուրիզմի զարգացմանը: Իսկ հարցին, թե` նոր շենքերո՞վ, երկնաքերներո՞վ է նպաստում, Ամիրյանը պատասխանում է` ինչո՞ւ ոչ, հրաշալի քաղաք է, շատ ջերմ: «Վերջին հաշվով քաղաքը մարդկանցով է քաղաք, մեր մշակույթով, այսօրվանով և ապագայի մասին մեր պատկերացումներով»,- ասում է նա:
Պարո'ն Ամիրյան, հավատացեք` քաղաքը քաղաք է նաև իր շինություններով, իր հուշարձաններով, թե չէ` ստացվում է` եկեք քանդենք ամենը, ու թող մարդկանց միջոցով ճանաչեն քաղաքը: Իսկ եթե արվեստի մերօրյա վաստակավոր գործիչներով կամ ժողովրդականի կոչում ստացածներով ճանաչեն քաղաքը, պիտի բոլորս Արմենչիկի երգերից մեկ-երկու հատ սովորենք, որ դրսում Երևանի անունը տալիս հիշեցնենք` որ քաղաքն է: Նախարարն ասում է` քաղաքը մարդկանցով է քաղաք, բայց չէ՞ որ այդ նույն մարդկանց շնորհքն են հին ու պատմական նշանակություն ունեցող շենքերը, այդ մարդկանց մասին են պատմում դրանք: Վստահեցնում եմ, երբ ինչ-որ մարդու մասին խոսում են, նրա արարքն են հիշում /եթե, իհարկե, խոսքը Քիմ Քարդաշյանի մասին չէ/. մեր` հայերիս մասին խոսելիս էլ, բնականաբար, մշակույթն ու պատմությունն են հիշելու, ոչ թե մեր աչքերի գույնն ու աչքերում թաքնված ջերմությունը: Ավելին` Ձեզ` որպես նախարար, նույնպես հիշելու ենք Ձեր արած ու չարած գործերով, ոչ թե մեկ փունջ ծաղկեփնջով:
Երևանը Երևան է այն պարզ փաստի շնորհիվ, որ այն քաղաք է, ոչ թե շենքերի կույտ հիշեցնող տարածք:
Կարինե Հարությունյան