Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց կուտակային կենսաթոշակների հիմնադրամից: Պատգամավորի խոսքով` այն պետության համար դեռևս բեռ է:
«Սոցիալական ծախսերը գրեթե բոլոր դրույթներով կրճատվել են, բացառությամբ կենսաթոշակային հիմնադրամին հատկացվող գումարի. այն աճել է 48%-ով, որը ամբողջ պատկերը չի արտացոլում: Այս գումարը 42 մլրդ-ից վերածվելու է գրեթե կրկնակիի՝ 57 մլրդ-ի, այսինքն՝ տարեկան պատկերն այդպիսին է լինելու: Դա այն բեռն է, որը պարբերաբար պետք է կրի նախարարությունը, և այն աճելու տենդենց ունի, համենայն դեպս, չի նվազելու առաջիկա 20 տարում, որովհետև աշխատավարձն է աճելու: Նոր էլ իմացանք, որ գործազրկությունը նվազման միտում ունի, և նոր աշխատողներ են մուտք գործելու աշխատաշուկա»,- նշեց պատգամավորը: Թանդիլյանի խոսքով` տարեկան այդ 57 մլրդ դրամը կազմում է միայն այս տարվա դեֆիցիտի մեկ երրորդը: «Այսինքն՝ պարբերաբար այս բեռը պետք է կրենք, և սրա հաշվին այլ ծախսեր կրճատվում են: Ուզում եմ հարցնել` 5 տարում, այս տենդենցն աճելով, որտեղից եք այս գումարները ճարելու, երբ ծախսը չի պահպանվում»,- հարցրեց նա:
Ասատրյանը պատասխանեց, որ կուտակային համակարգի ներդրման հաշվարկներն իրականացվել են՝ հաշվի առնելով օրենքի դրույթները, որ 2018-ի հունիսից շուրջ 50 000-ով պետք է ավելանա կուտակայինին միացած մասնակիցների թիվը: «Ուստի, բնականաբար, գումարները համապատասխան ավելացած են: Պետք է ուղղակի հաշվի առնել, որ բյուջեով դրա համար գումարները ոչ միայն հատկացումներն են, այլ կատարվող վճարումները»,- ասաց նախարարը:
Նա նաև խոսեց կուտակայինի «էֆեկտիվությունից»: «Ժամանակին բոլոր հաշվարկներով կանխատեսվել են, որ որոշակի կարճ ժամանակում ՀՆԱ-ի մեջ այն աճելու է: Հետագայում ոնց է այն սկսելու նվազել, նաև բեռը՝ որպես այդպիսին, տարաբաշխվելու սերունդների միջև այսօրվա կատարած վճարումների հաշվին, դրանց լրացուցիչ ներդումների հաշվին` ապահովելով վաղվա կենսաթոշակառուին ավելի բարձր կամ ընդունելի կենսաթոշակ»,- ասաց նա:
Նախարարը նաև ներկայացրեց հիմնադրամի գումարի չափը: «Եթե նայեք երեք տարիների արդյունքներին, պետք է նշել, որ շուրջ 33,2%: Երեք ամիս առաջվա տվյալներով` եկամտաբերություն են ունեցել այդ ֆոնդերն ու միջոցները: Դրանց մոտ 70-ից ավելին ՀՀ-ում են ներդրվել, մոտ 30%-ն է այլ արժեթղթերի մեջ է դրվել, և դրանով նաև, համոզված եմ, ունեցել ենք գնանկումներ, դրանք են բերել տոկոսադրույքների իջեցմանը, նաև որոշակիորեն ֆինանսական միջոցների ավելացմանը, իհարկե, ոչ այն տեմպերով, ինչ կցանկանայինք, բայց շուրջ 90 մլրդ դրամով այսօր կապիտալի շուկա է ձևավորվել ՀՀ-ում այդ միջոցներով, որոնք երկարաժամկետ են և սկսել են որոշակի ուղղություններով առարկայական ներդրումներ ապահովել՝ ապահովելով երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորում»,- ասաց նա:
Նախարարի կարծիքով` նման արդյունքը շատ ավելի կարևոր է թե' երկրի, թե' քաղաքացիների և թե' այսօրվա ու վաղվա կենսաթոշակառուի շահերի ապահովման տեսակետից: «Բացի այդ` ժամանակի ընթացքում բեռը սկսում է նվազել: Իհարկե, այս պահին տարեթվերով հարաբերակցություն չեմ կարող ասել, բայց կարող ենք միասին նայել, թե ժամանակին ինչպես է բեռը տարաբաշխվում»,-ասաց նա: