կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-25 20:09
Քաղաքական

ԲՍՓ հանձնաժողովները գտնվում են իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում. Մանե Թանդիլյան

ԲՍՓ հանձնաժողովները գտնվում են իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում. Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին, ասելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտը հագեցած է տարիների ընթացքում կուտակված բազմաշերտ խնդիրներով, որոնք արդարացիորեն առաջացրել և դեռևս շարունակում են առաջացնել մեր շահառուների և քաղաքացիների դժգոհությունն ու վրդովմունքը:

«Դժգոհություններ կան՝ ինչպես կենսաթոշակային ապահովության, նպաստների նշանակման և վճարման, այնպես էլ հաշմանդամների հիմնահարցերի և մյուս բնագավառների և հատկապես բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործընթացից, որտեղ շարունակաբար նախարարության կողմից չի իրականացվել պետական վերահսկողություն։

Դա է պատճառը, որ իմ նշանակման առաջին իսկ օրվանից ԲՍՓ հանձնաժողովները և համակարգի խնդիրները գտնվում են իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։

Արդեն իսկ նախաձեռնել ենք միջոցառումներ․ դադարեցվել են հսկողական վերափորձաքննությունները, ուսումնասիրման առարկա են վերափորձաքննության արդյունքում փոփոխության ենթարկված կարգեր։
Այսօր հանդիպում եմ նախաձեռնել՝ ԲՍՓ ղեկավար կազմի և հանձնաժողովների բժիշկների մասնակցությամբ։ Տրվել են խստագույն հանձնարարականներ հետևել օրենքի տառին։ 
Միևնույն ժամանակ կոչ եմ անում քաղաքացիներին օգտագործել azdarar.am հարթակը և հաղորդում թողնել առկա խնդիրների վերաբերյալ։

Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկություն՝ յուրաքանչյուր ոք նաև պետք է իմանա, որ տեղեկության կամ հայտարարության հիմնավորվածությունը ենթակա է ստուգման նաև իրավապահ մարմինների ներգրավմամբ։

Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ հանձնառու եմ ոլորտի հիմնախնդիրների կարգավորմանն ու լուծմանը»,- գրել է նախարարը:

 
 

Եվ որպես դրան ուղղված հերթական քայլ՝ նախաձեռնում եմ իրականացնել վերահսկողական միջոցառումներ: Ուսումնասիրությունների և ստուգումների միջոցով ակնկալում եմ վեր հանել առկա խնդիրները, փաստագրել և տալ դրանց համակարգային հասցեական լուծումներ, իսկ հայտնաբերված քրեական տարր պարունակող խախտումների դեպքերը կտրամադրվեն համապատասխան մարմիններին:

Այս միջոցառումները, այնուամենայնիվ, ժամանակավոր լուծումներ են։ ԲՍՓ համակարգը ամբողջովին բարեփոխման և հեղափոխական լուծումների կարիք ունի։ Համակարգի թվայնացումը և մարդկային գործոնի առավելագույն նվազեցումը այլընտրանք չունեն։

Նաև տեղեկացնեմ, որ ԲՍՓ հիմնախնդիրը, ունենալով ուղղակի առնչություն առողջապահության ոլորտի հետ, քննարկումներ ենք ունեցել նաև Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի հետ և ունենք համախոհություն խնդրի լուծման համար արագ և արդյունավետ լուծումներ գտնելու վերաբերյալ»,- իր գրառման մեջ նշում է նախարարը: