կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-05 14:33
Քաղաքական

Մտադիր ենք այնպիսի կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել, որ հետաձգման կարիք այլևս չունենա. Մանե Թանդիլյան

Մտադիր ենք այնպիսի կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել, որ հետաձգման կարիք այլևս չունենա. Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը խորհդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի նախագիծը շրջաառության մեջ է դրվել: Նրա խոսքով՝ նախագիծն արդեն կա և արժանանալու է կառավարության քննարկմանը:

«Հետաձգելու առաջարկը բխում է քննարկումների իրողությունից: Բոլորը գիտեն, որ կան քննարկումներ, թե ինչպես անել, ինչպես լուծել խնդիրը: Այդ նպատակով է հենց առաջարկվել հետաձգում և քննարկում: Թե ի՞նչ ժամկետ կպահանջի քննարկելու համար, դա չեմ կարող ասել, որովհետև դրանք ինտենսիվ տեղի են ունենում»,- ասաց նախարարը և հավելեց, որ պատասխանը չի ուշանա, որովհետև հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու այլ կերպ, այդ պատճառով ինտենսիվ են աշխատանքներն ու քննարկումները:

Yerkir.am-ի հարցին՝ 4 տարով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգումն ի՞նչ ազդեցություն է ունեցել այս համակարգի կայացման, զարգացման վրա, և առհասարակ, ի՞նչ է տեղի ունեցել ակտուար մաթեմատիկական հաշվարկների հետ. մասնագետների հաշվարկներով` մոտ 65 մլրդ ՀՀ դրամ քիչ է մուտքագրվել կուտակային հաշիվներ, դա չի՞ կազմաքանդել կենսաթոշակային համակարգը, և արդյոք՞ ֆոնդերի կառավարիչների հետ կապված մտահոգություններ կան, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց. «Շատ ուղղակի բարձրաձայնեցիք այն բոլոր մտահոգությունները, որ մտահոգում են բոլորին, այդ թվում` ինձ: Դա է պատճառը, որ մենք մտադիր ենք այնպիսի համակարգ ներդնել, որ հետաձգման կարիք այլևս չլինի: Այն հետաձգվել է երկու անգամ: Դա արվում է այն պատճառով, որ կարողանանք այնպիսի լուծումներ տալ, այնպիսի մոտեցումներ մշակել, որ ընդունելի լինի հասարակության համար: Բոլորս հասկանում ենք դրա ներդրման ժամանակահատվածում այն դժգոհությունները, որոնք առկա են հասարակության մեջ, որոնք որոշ չափով լուծում են ստացել, բայց այն սկզբունքը որն, ըստ էության, խաթարվել է և մարդկանց դժգոհությունն է առաջացրել, շարունակում է լինել: Այդ առումով էլ կան լուծումներ: Դա է պատճառը, որ մտածում ենք, որ ընդունելի է հետաձգելը և նորից քննարկելը»:

Ինչ վերաբերում է ռիսկայնությանը, ապա Թանդիլյանն ասաց՝ այո, ռիսկային է: «Ռիսկային որոշակի հանգամանքներ կան այստեղ, բայց դրա համար են հենց քննարկումները և հանդիպումները, որպեսզի պարզ լինի, որ կուտակային համակարգի երևույթը, որը պետք է քաղաքացուն ընտրության հնարավորություն ընձեռի, թե ինչպես է ինքը պատկերացնում իր ապագան, այդ հնարավորությունը պարտավոր ենք տալ մեր քաղաքացիներին: Ես միշտ ընտրության կողմնակից եմ, և դրա համար պետք է լինի ցանկալի և ընդունելի համակարգ»,- եզրափակեց նա: