կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-17 11:25
Հասարակություն

Մեզ մոտ ավանդույթ է` նորապսակներին մատանի ենք նվիրում. պետբյուջեի հաշվին մատանիներ գնելու մասին

Մեզ մոտ ավանդույթ է` նորապսակներին մատանի ենք նվիրում. պետբյուջեի հաշվին մատանիներ գնելու մասին

Տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Եղեգնավան համայնքի ղեկավարը հոկտեմբերի 12–ին հաստատել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների` 2017 թ. պլանը: Ըստ այդմ` համայնքի ղեկավարը ներկայացրել է, որ պետբյուջեի հաշվին պատրաստվում է 14,5 հատ մատանի գնել: Yerkir.am-ին համայնքապետարանից տեղեկացրեցին, որ իրականում ոչ թե 14,5 հատ մատանի պետք է գնեն, այլ բոլոր մատանիների կշիռը 14,5 գրամ է:

«Մեզ մոտ արդեն ավանդույթ է դարձել, և ամեն տարի Տյառնընդառաջի տոնի օրը մինչ այդ ամուսնացածներին մատանի ենք նվիրում: Այս ավանդույթն այնպես չէ, որ վերջին 4-5 տարիներից է գալիս, 15 տարի է` ինչ այն կյանքի ենք կոչել: Այս տարի 6 ամուսնություն ենք ունեցել մինչ Տյառնընդառաջի օրը և նորապսակներին մեկական մատանի ենք նվիրել: Մատանիների ընդհանուր արժեքը 217 500 դրամ է եղել: Տյառընդառաջից հետո ամուսնություններ դեռ չեն գրանցվել գյուղում, բայց ամեն տարի ունենում ենք մի քանի ամուսնություններ»,- ասացին համայնքապետարանից:

Ինչ վերաբերում է 40 հատ օղի /48 հազար դրամի/ և 20 հատ կոնյակ գնելուն /40 հազար դրամի/, ապա դրանք էլ գյուղի օրվան նվիրված տոնական միջոցառման համար են գնվել: «Մենք նաև մեր գյուղի օրն ենք նշում` սեղաններ են գցվում, մատաղ է արվում, ու ամբողջ գյուղի բնակիչներով հավաքվում ենք: Ողջ ծախսը համայնքի ղեկավարն է անում, և միայն օղին ու կոնյակն է պետբյուջեի հաշվին գնվել: Սրանք մեզ մոտ ավանդույթներ են, ամբողջ համայնքով նշվող օրեր»,- հայտնեցին Եղեգնավանի համայնքապետարանից: