Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք համաձայնագրի նախագիծը: Հատված` ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասից:
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 1
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 22
1. Եվրոպական միությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է խթանեն տնտեսական բարեփոխումների գործընթացը՝ յուրաքանչյուր տնտեսության հիմնարար սկզբունքների ընդհանուր ընկալումը եւ տնտեսական քաղաքականությունների ձեւավորումն ու իրականացումը բարելավելու միջոցով։
2. Հայաստանի Հանրապետությունը պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի՝ արդյունավետ գործող շուկայական տնտեսություն զարգացնելու եւ իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունները համապատասխան դեպքերում Եվրոպական միության տնտեսական ու ֆինանսական կարգավորումներին ու քաղաքականություններին աստիճանաբար մոտարկելու ուղղությամբ։ Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կայուն մակրոտնտեսական քաղաքականություններ՝ ներառյալ Կենտրոնական բանկի անկախությունը եւ գների կայունությունը, կայուն պետական ֆինանսները եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափի կայուն համակարգն ու վճարային հաշվեկշիռը։
ՀՈԴՎԱԾ 23
Այդ նպատակով, Կողմերը համաձայնում են կանոնավոր տնտեսական երկխոսություն անցկացնելու շուրջ, որն ուղղված կլինի՝
ա) մակրոտնտեսական միտումների եւ քաղաքականությունների, ինչպես նաեւ՝ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական զարգացման ռազմավարությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը,
բ) փորձառության եւ լավագույն գործելակերպերի փոխանակմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական ֆինանսները, դրամավարկային քաղաքականության եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափին առնչվող հայեցակարգերը, ֆինանսական հատվածի քաղաքականությունը եւ տնտեսական վիճակագրությունը,
գ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական եւ արժութային միության գործունեության վերաբերյալ տեղեկությունների եւ փորձի փոխանակմանը,
դ) տնտեսության, ֆինանսների եւ վիճակագրության ոլորտներում երկկողմ համագործակցության կարգավիճակի վերանայմանը։
Պետական հատվածի ներքին հսկողությունը եւ աուդիտի միջոցառումները
Կողմերը պետք է համագործակցեն պետական հատվածի ներքին հսկողության եւ արտաքին աուդիտի իրականացման հարցում՝ հետեւյալ նպատակներով՝
ա) ապակենտրոնացված կառավարչական հաշվետվողականության սկզբունքին, այդ թվում՝ ամբողջ պետական հատվածի համար անկախ ներքին աուդիտի գործառույթին համապատասխան՝ պետական ներքին հսկողության համակարգի հետագա զարգացումը եւ կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում՝ համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային ստանդարտների, շրջանակային հայեցակարգերի եւ ուղեցույցների ու Եվրոպական միության պատշաճ գործելակերպի հետ ներդաշնակեցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ պետական ներքին ֆինանսական հսկողության բարեփոխումների ծրագրի հիման վրա.
բ) Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ստուգումների այնպիսի համարժեք համակարգի մշակումը, որը կլրացնի ներքին աուդիտի գործառույթը, այլ ոչ թե կկրկնօրինակի այն.
գ) Հայաստանի Հանրապետությունում պետական ներքին ֆինանսական հսկողության կենտրոնացված ներդաշնակեցման ստորաբաժանմանն աջակցումը եւ բարեփոխումների գործընթացն ուղղորդելուն առնչվող դրա կարողության ամրապնդումը.
դ) Վերահսկիչ պալատի՝ որպես Հայաստանի Հանրապետության՝ աուդիտ իրականացնող բարձրագույն հաստատության դերի հետագա ամրապնդումը՝ մասնավորապես դրա ֆինանսական, կազմակերպական եւ գործառնական անկախության տեսանկյունից՝ արտաքին աուդիտի (INTOSAI) [Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության] միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան, եւ
ե) տեղեկությունների, փորձի եւ պատշաճ գործելակերպի փոխանակման գործընթացի ապահովումը։
ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 25
Կողմերը պետք է համագործակցեն հարկային ոլորտում պատշաճ կառավարումն ընդլայնելու հարցում՝ տնտեսական հարաբերությունները, առեւտուրը, ներդրումները եւ արդար համագործակցությունը հետագայում կատարելագործելու նպատակով։
ՀՈԴՎԱԾ 26
Հղում կատարելով 25-րդ հոդվածին՝ Կողմերն ընդունում են հարկային ոլորտում պատշաճ կառավարման սկզբունքները եւ պարտավորվում են իրականացնել դրանք, այլ կերպ ասած՝ թափանցիկության, տեղեկությունների փոխանակման եւ հարկային արդար մրցակցության սկզբունքներն այնպես, ինչպես Եվրոպական միության մակարդակով դրանք որդեգրել են անդամ պետությունները։ Այդ նպատակով, չհակասելով Եվրոպական միության եւ անդամ պետությունների իրավասություններին՝ Կողմերը պետք է կատարելագործեն միջազգային համագործակցությունը հարկային ոլորտում, խթանեն հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը եւ մշակեն միջոցառումներ՝ արդյունավետ կառավարման այդ սկզբունքների արդյունավետ իրականացման համար։
ՀՈԴՎԱԾ 27
Կողմերը պետք է ընդլայնեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի եւ հարկային վարչարարության կատարելագործմանն ու զարգացմանը, այդ թվում՝ հավաքագրման եւ հսկողության կարողությունների ընդլայնմանը, ապահովեն արդյունավետ հարկային հավաքագրում եւ ամրապնդեն հարկային խարդախությունների եւ հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը։ Կողմերը չպետք է խտրականություն դնեն ներմուծված արտադրանքի եւ նմանատիպ տեղական արտադրանքի միջեւ՝ 1994 թվականի Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ 1994) I եւ III հոդվածներին համապատասխան։ Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել հարկային խարդախությունների եւ հարկերի վճարումից խուսափելու, մասնավորապես՝ «կարուսելային» խարդախությունների դեմ պայքարի փորձը կիսելու գործընթացը եւ համագործակցությունը, նաեւ՝ տրանսֆերային գնագոյացման եւ հակաօֆշորային կարգավորման հարցերում։
ՀՈԴՎԱԾ 28
Կողմերը պետք է զարգացնեն իրենց համագործակցությունը՝ խարդախությանը հակազդելու ու դրա դեմ պայքարելու եւ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի համատեղ քաղաքականություններ որդեգրելու նպատակով։ Համագործակցությունը պետք է ներառի տեղեկությունների փոխանակում։ Այդ նպատակով, Կողմերը պետք է ձգտեն ամրապնդել իրենց համագործակցությունը տարածաշրջանային համատեքստում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային համապատասխան»: