կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 13:15
Հասարակություն

Դասարանի ժպիտն էր. Տավուշում զոհված Չապլինն Արմավիրի պարծանքն էր. լուսանկարներ

Դասարանի ժպիտն էր. Տավուշում զոհված Չապլինն Արմավիրի պարծանքն էր. լուսանկարներ

Երեկ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված` ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը Արմավիրի մարզից էր:

Yerkir.am-ի հետ զրույցում զինծառայողին ճանաչողները հայտնեցին, որ Չապլինն առավել հայտնի է եղել Կարեն անունով: Այդ անունով է նաև գրանցված սոցիալական ցանցի իր էջում: «Մեր տարածաշրջանում բոլորը ճանաչում էին նրան, մեծ ու փոքր` բոլորը հարգում էին,: Նա միշտ ժպիտով էր, ինչ էլ եղած լիներ, միշտ ժպտում էր, ցավը ժպիտի տակ էր պահում: Դասարանի ժպիտն էր, հենց դուռը բացում էր, բոլորս՝ ուսուցիչ, թե աշակերտ, նրան տեսնում՝ ժպտում էինք»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց տղայի մտերիմ ընկերներից մեկը:

Նա պատմեց, որ Չապլինը նախկինում զբաղվել է ֆուտբոլով, սակայն վնասվածք ստանալուց հետո թողել է այդ մարզաձևն ու զբաղվել բազկամարտով: «Ռայոնում բոլորը գիտեին նրա մասին, Չիպ էին ասում: Հենց ասում էիր` Չիպ, գիտեին, որ խոսքը ֆուտբոլիստ Չիպի մասին է»,- պատմեց ընկերը:

Նրա խոսքով՝ Չապլինը հաջողություններ էր գրանցել բազկամարտում, բանակում էլ լավ մարզավիճակում էր, տղաների հետ պարապում էր:

Մեր զրուցակիցը պատմեց, որ Չապլինը 20 օր առաջ էր եկել արձակուրդ: «Նպատակները շատ էին, ասում էր` գնալու եմ ծառայեմ,անպայման հետ գամ, շատ անելիք ունեմ, բայց եթե չգամ էլ՝ իմացեք հանուն իմ հողի չեմ եկել ու հանուն ձեր հանգստության»,- ասաց Չապլինի ընկերը: