Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ մոտ ժպիտ է առաջացնում այն արտահայտությունը, որ նախարարը հրաժարական չի տալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՅԴ բյուրոյի երիտասարդական հարցերի գրասենյակի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայաստանի, Իրանի և Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունների անդամները։
Այսպես նա պատասխանեց լրագրողների դիտարկմանը, թե՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիաներին և նշել, որ զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժը չի կարող պահանջել նախարարի հրաժարականը։
«Համաշխարհային, ինչպես նաև Հայաստանի պատմության մեջ այնպիսի պաշտոնյաներ են հրաժարական տվել, որ որևէ մեկը չէր պատկերացնում, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ»,-պարզաբանեց Քրիստինե Վարդանյանը:
Նրա համար անհասկանալի է՝ ինչպես են քաղաքականությամբ զբաղվում ուժեր, որոնք պնդում են, թե անհնար է որևէ պաշտոնյայի հրաժարականը։
Խոսելով ՀՅԴ ՀԵՄ-ի առաջիկա ծրագրերից Քրիստինե Վարդանյանը մատնանշեց, որ ՀԵՄ-ը կենտրոնացած է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի օրակարգում վարվող քաղաքականության հարցերի վրա:
«ԿԳՄՍ շենքի դիմաց մեր վերջին գործողության ժամանակ մեր դեմ կիրառվեց անհամապատասխան ուժ ոստիկանության կողմից և դրա միակ պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էր, ով պարզապես չեկավ հանդիպման։ Առաջիկա շաբաթում ևս մենք ակցիա կանցկացնենք, որի մասին նախապես կտեղեկացնենք»,-ասաց նա:
Քրիստինե Վարդանյանն ընդգծեց, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի ձևակերպման վերջնական պատճառը դարձել է այն հանգամանքը, որ հանրության ներկայացուցիչները հարցնում էին, թե ԿԳՄՍ նախարարությունն ինչո՞ւ է այս կամ այն ծրագիրը ֆինանսավորել, ինչու՞ է տեղի ունեցել այդ անհասկանալի ֆուտուրիստական հռչակված «Հուզանք ու Զանգ» ներկայացման ֆինանսավորումը, արդյո՞ք դա առաջնահերթություն էր, ինչո՞ւ է ֆինանսավորվել «Մել» ֆիլմը պետության կողմից։
«Մենք հասկանում ենք, որ տարբեր եվրոպական կազմակերպություններ շահագրգռված են մեզ ֆինանսավորել տարբեր թեմաներով․ պետք է հստակեցնել՝ արդյո՞ք դա առաջնահերթություն է մեզ համար, թե՞ ոչ: Եվ այս հարցերը հնչեցնողներն ուղղակի պիտակավորվեցին որպես հետադեմներ, իսկ ԿԳՄՍ նախարարի դիրքորոշումն այն էր, որ իրենք պետք է կրթեն մեզ նման հետադեմներին»,-ասաց նա:
ՀՅԴ ՀԵՄ անդամը շեշտեց, որ իրենք ազգային գաղափարախոսություն ունեցող ուժ են և այս կեցվածքը իրենց համար անընդունելի է. «Ազգայինը երբեք առաջադիմությանը չի հակադրվել: Այս հակադրումը լցրեց մեր համբերության բաժակը: Մենք ուզում ենք տեսնել, օրինակ, ԱՄՆ սենատում մի սենատոր կամ փոխնախարար եթե ԱՄՆ օրակարգը համարեր հետադիմական՝ ի՞նչ կլիներ այդ պաշտոնյայի հետ»:
Քրիստինե Վարդանյանը խոսքը եզրափակեց հստակեցնելով, որ շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: