կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-05 15:07
Քաղաքական

Գեղամյանի պահվածքն անզորության արտացոլում է. Էդմոն Մարուքյան

Գեղամյանի պահվածքն անզորության արտացոլում է. Էդմոն Մարուքյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Ելք» խմբակցությունը խստորեն դատապարտում է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի՝ բռունցքներով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա հարձակվելը:

«Ամեն ինչ անելու ենք, որ Արտաշես Գեղամյանը պատժվի ԱԺ կանոնակարգ-օրենքին համապատասխան: Գեղամյանի պահվածքն անզորության արտացոլում է: Բա ասում են` էս խորհրդարանն ուրիշ է, ցիվիլ մարդիկ են: Որ ցիվիլ մարդիկ են իրենց տենց են պահում, բա ոչ ցիվիլներից ի՞նչ ակնկալենք»,- ասաց Մարուքյանը, ապա հավելեց. «Պետք է լուրջ մտածել, թե այդ ինչ մեծամասնություն է, այդ մեծամասնությունը խրախոսո՞ւմ է բռնությունը, այդ մեծամասնությունը բռնություններո՞վ է հարց լուծում: Ո՞ւմ էին ցանկանում ցույց տալ, թե գիտեք՝ մեր փաստարկները լավը չեն, բայց մենք բռունցքով հարցը կլուծենք: ՌԴ-ի՞ն էին փորձում ցույց տալ, թե՞ իրենց շեֆերին»:

Դիտարկմանը` Գեղամյանը հերքում է, որ հարվածել է Փաշինյանին, Մարուքյանը պատասխանեց, որ հակված է հավատալ իր գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին:

Հարցին՝ Արտաշես Գեղամյանը վախեցե՞լ է ու հրաժարվել արարքից, թե՞ ֆրակցիայից արդեն նկատողություն է ստացել, Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև, եթե ՀՀԿ ֆրակցիան չի դատապարտում, նշանակում է, որ ՀՀԿ ֆրակցիան խրախուսում է վայրենի, ոչ քաղաքակիրթ, խորհրդարանական վարք ու բարքին ոչ հարիր պահվածք»:

Պատգամավորը շեշտեց՝ իրենց խմբակցության քաղաքական մշակույթին հարիր չէ բռնությունը, սակայն չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն պաշտպանած լինել:

Մարուքյանը նշեց, որ դեռևս ԱԺ պետք է մտնի ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին նախագիծը: «Կարող է էդ ժամանակն էլ բոլորով հարձակվեն ու սկսեն խփել բռունցքներով, որովհետև չեն կարողանում գործընթացի ընթացքը կանգնեցնել, իսկ պրոցեսը որքան գնում է, այնքան բացահայտում է այդ միության խղճուկությունը, ՀՀԿ-ի խղճուկ լինելը, երկիրը նման վիճակի հասցնելը, և երկրի ինքնիշխանությունն օրեցօր զիջելը: Չի բացառվում, որ հետո գլուխ գովեն, ասեն, տեսեք՝ 2 հատ խփեցինք»,- հայտարարեց նա: