Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ծանուցում է ստացել առ այն, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ-ի (Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի) տնօրենից այն մասին, որ նրա ղեկավարած բաժինը մարտի 27-ից լուծարվում է, ու շատ հավանական է, որ Արման Մալոյանը և իր ղեկավարած բաժնի աշխատակիցները մնան առանց աշխատանքի։ Yerkir.am-ը զրուցել է Արման Մալոյանի հետ՝ պարզելու, թե ո՞րն է իր ղեկավարած Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի լուծարման պատճառը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-ին հոգաբարձուների խորհուրդը հաստատել է փոփոխությունների նոր կառուցվածքը, ապա՝ հաստիքացուցակը, ըստ որի՝ իրենց ծանուցվել է , որ մարտի 27-ից գործազուրկ են։
«Մասնագետների հաստիքները կրճատել են և փոխարենը մեզ այլ աշխատանք չի առաջարկվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Փորձագետի աշխատանքի առաջարկ են արել, բայց փորձագետի աշխատանքը մշտական չէ, մշտական աշխատավարձով չէ․ բաժինը լուծարելու հետևանքով գործազուրկ են դառնալու 9 մասնագետ և բաժնի պետը․ ընդորում, բացի մեզանից, կրճատվել են գրադարանավարի և հիմնադրամի տնօրենի խորհրդականի հաստիքները»։
- Պարոն Մալոյան, Ձեր ղեկավարած բաժինը որոշեցին լուծարել գրեթե այն ժամանակ, երբ սկսեցիք գրախոսել և քննադատել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի բովանդակությունը․ տրամաբանական կապ տեսնո՞ւմ եք։
-Ժամանակորեն՝ այո՛, ես հոկտեմբերին եմ սոցհարթակներով հրապարակել առաջին դիտարկումներս, և պարզվում է մենք տեղյակ չէինք, որ հիմնադրամը նոր կառուցվածքային փոփոխություն է արել, ամանորյա արձակուրդ գնալիս տնօրենը մեզ չի ակնարկել, որ նոր կառուցվածք կա, այդ մասին իմացել ենք ուրբաթ օրը․ հատկանշական է, որ որոշումը կեսօրին է կայացվել, և հենց նույն օրը երեկոյան մեզ անհապաղ տրվեցին ծանուցումները, ասես դժվար էր մեկ աշխատանքայի օր սպասել և երկուշաբթի տալ ծանուցումները։
- Ստացվում է՝ յուրաքանչյուր առողջ քննադատությանը հաջորդում են լծակներով պատժամիջոցները։
- Այո, ես հակվում եմ այն մտքին, որ ԿԳՄՍ նախարարը վրեժխնդրություն է դրսևորել՝ քաղաքացիական և մասնագիտական իմ դիրքորոշումն ազատ արտահայտելու, նախարարության պաշտոնական տեսակետը չընդունելու համար, որովհետև, երբ դեկտեմբերին նախարարությունում 19 գիտնական հանդես եկան և պահանջեցին դասագիրքը ետ կանչել, այդ օրը ես մտա տնօրենի մոտ և ասացի, որ գիտնականների այդ խումբը նաև ինձ է տեղեկացրել հանդիպմանը մասնակցելու համար․ տնօրենն առարկեց, ասաց, որ ծանրաբեռնված ես և չես կարող մասնակցել այդ հանդիպմանը, ասացի, որ Ձեզանից հանձնարարական չունեմ՝ այս պահին կատարելու, բայց, միևնույն է, ինձ չթույլատրեց։ Այնուամենայնիվ, ես գնացի այդ հանդիպմանը․․․ Նախարարը 19 գիտնականի և այլոց ներկայությամբ, իրեն ներկայացնելով, հայտարարեց՝ նախարար Անդրեասյանը այն կառույցի հոգաբարձուների խորհդի նախագահն է, որտեղ աշխատում է Արման Մալոյանը։
- Պարոն Մալոյան, նախարարի մակարդակով մասնագետների նկատմամբ նման մանր վրեժխնդրությունն ի՞նչ բացատրություն ունի։
- Սա ընդամենը տիկին նախարարի փոքրոգության, անզորության և ճղճիմության փաստն է, ուրիշ բան ասել չեմ կարող։ Այսինքն՝ նա դրանով փորձում է հանրության ուշադրությունը նաև շեղել «Հայոց պատմության» դասագրքի մրցույթի արդարացի կատարվելու ընթացակարգից, ինչը կասկածներ է հարուցում, որ ներկայացված «Հայոց պատմության» 3 դասագրքից մրցույթում վերջնական հաղթող ճանաչվեց Սմբատ Հովհաննիսյանի տխրահռչակ դասագիրքը՝ մասնագիտական բազմաթիվ սխալներով։
- Հիմա էլ որոշել են «Հայոց պատմության» առարկայի անունը վերափոխել ու դարձնել Հայաստանի պատմություն․ ի՞նչ խնդիր են ուզում լուծել և՛ սրանով, և՛ պատմական փաստերը խեղաթյուրող դասագրքով։
- Կարծում եմ մեր «գերբանիմաց» վարչական աշխատողները ցանկանում են մասնագետների փոխարեն որոշում կայացնել, ո՞ւր է այն բողոքը և դա ստորագրած մասնագետները կամ ուսուցիչները, որոնց բողոքի հիման վրա առաջարկվում է առարկայի անվանումը փոփոխել։ Եվ երկրորդ՝ շատ ավելի հավանական է, որ այսքան բարձրացված աղմուկից, խայտառակությունից, ամոթից հետո նախարարը փորձում է այդ որոշման կիրարկմամբ դասագիրքը հետ կանչել, որ չստացվի բողոքների ու խայտառակության արդյունքում է դասագիրքը հետ կանչվում․ առարկան կանվանափոխվի և, բնականաբար, «Հայոց պատմություն» խորագրով դասագիրքը չի համապատասխանի «Հայաստանի պատմություն» խորագրով նոր պահանջին․․․Մասնագետները մարտականորեն են տրամադրված այդ չիմացության դեմ։
- Կրթական համակարգում ոչ պրոֆեսիոնալ փորձարկումները, որը, պատկերավոր, կրթական համակարգը գլխատել է հիշեցնում, ի՞նչ բացատրություն ունի, սրանում միտումնավորություն տեսնո՞ւմ եք։
- Այնքան ակնհայտ դրսևորումներ են, որ ակամայից մեղք կլինի միտում չտեսնելը։ Առանց մասնագետների հետ քննարկելու, առանց մասնագիտական կարծիքի հետ հաշվի նստելու միանձնյա որոշումներ կայացնելու արդյունքում ստացվոմ է այն, ինչն ունենք, այլ բան սպասելի չէ։
Հերմինե Զեյնալյան