կարևոր
7534 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-14 18:23
Քաղաքական

Մեր պայքարը չի դադարելու քանի դեռ Հայաստանում չի հաստատվել հայոց պետականությունը երաշխավորող իշխանություն․ ՀՅԴ

Մեր պայքարը չի դադարելու քանի դեռ Հայաստանում չի հաստատվել հայոց պետականությունը երաշխավորող իշխանություն․ ՀՅԴ

Տևական ժամանակ է՝ ՀՀ իրավապահ համակարգը քաղաքական իշխանության պատվերով շարունակում է քաղաքական հետապնդումները՝  ապօրինի քրեական գործեր հնարելով:

Քաղաքական այս վրեժխնդրությունը, որի նպատակն է բոլոր միջոցներով լռեցնել հայրենադավ իշխանության դեմ պայքարողներին,  ոչ միայն ժողովրդավարության, իրավունքի և օրինականության բացահայտ արհամարհանք է, այլ նաև քաղաքական անբարոյականության ցցուն օրինակ:

Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում, կուսակցության գրասենյակներում խուզարկությունները, ձերբակալություններն ու կալանավորումներն իրականացվում են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը) քողի ներքո։ Նախաձեռնված շինծու քրեական գործերի շրջանակներում ապօրինաբար խոչընդոտում են կուսակցության գործունեությունը՝ կազմալուծելով կուսակցության մարզային գրասենյակների աշխատանքը: Վերջին օրինակը Վայոց Ձորի մարզում է, երբ ապօրինաբար ձերբակալվեցին կուսակցության անդամ և համակիր հանդիսացող 12 անձ, այդ թվում՝ կուսակցության Գերագույն մարմնի, ինչպես նաև մարզային կառույցի ղեկավար մարմնի անդամներ, որոնց կեսից ավելին կալանավորվեցին՝ ընդհուպ 2 ամսով, մի մասի նկատմամբ սահմանվեց տնային կալանք կամ բարձր գրավ:

Երկամսյա նախաքննության ընթացքում չհայտնաբերելով որևէ հանգամանք, որը թեկուզ փոքր-ինչ կվկայեր նշված ենթադրյալ արարքում ազատությունից զրկված անձանց մեղսակցությունը, քննչական կոմիտեն՝ գլխավոր դատախազության և Նիկոլ Փաշինյանին հպատակ դատավորների միջոցով որոշել է երկարացնել կալանքի ժամկետները, նոր՝ կեղծ և իրականության հետ աղերս չունեցող փաստարկներ բերելով: Սա այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի վկայակոչված նորմը, որը ՀՀ քրեական օրենսգրքում ներդրվել է  ՔՊ-ական իշխանության կողմից, ոչ միայն ներկայումս վիճարկվում է Սահմանադրական դատարանում, այլ նաև այս նորմի իրավակիրառ հակաիրվական բնույթի մասին արձանագրել է նաև ԵԽԽՎ-ն՝ իր 2024 թ. հունիսի 26-ի՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ բանաձևում:

Անգամ ներկայումս առկա ձևկերպման պայմաններում նշված արարքի համար նախատեսված պատիժը սկսվում է 10000 դրամ տուգանքից և առավելագույն պատիժը հաշվի առնելով՝ համարվում է միջին ծանրության հանցագործություն, որի համար որպես խափանման միջոց չէր կարող կիրառվել նման երակարատև կալանք և այն էլ տեսակցության խստիվ սահմանափակմամբ: Ավելին՝ կալանքներ և տնային կալանքներ են տրվում մարդկանց, ովքեր ունեն իրենց խնամքի տակ անաշխատունակ ծնողներ կամ անչափահաս երեխաներ, իսկ տեղաշարժի և տեսակցությունների խստիվ սահմանափակման պայմաններում նրանց ընտանիքները զրկվում են գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն եկամուտներ վաստակելու հնարավորությունից: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ մի շարք դեպքերում քրեական վարույթ իրականացնող մարմինը անհաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում անգամ մարդկանց նվազագույն դրամական միջոցների հասանելիությանը, որոնք պետք է ուղղվեն վարկային պարտավորությունների կատարմանը, ապա անձանց և նրանց ընտանիքների խոշտանգումը ամբողջական կդառնա:

Այլ կերպ ասած՝ մենք գործ ունենք Հայաստանում հաստատված քաղաքական ռեժիմի և նրան հպատակ իրավական մի համակարգի հետ, որի համար չկան նվազագույն իրավական, քաղաքական և բարոյական սկզբունքներ:

Առ այդ, խստիվ դատապարտելով նման վարքագիծը՝ տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարության և իրավունքի գերակայան խնդիրներով զբաղվող կառույցների ու դեսպանատների ուշադրությունն ենք հրավիրում հակաժողովրդավար, հակաիրավական և հակաբորայական այս երևույթների և այն առաջ տանող Հայաստանում գործող իրավաքաղաքական ռեժիմի ցուցաբերած գործելակերպի վրա:

Միաժամանակ ի լուր բոլորի հայտարարում ենք. Մեր պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ  Հայաստանում չի հաստատվել հայոց պետականությունն ու անվտանգությունը երաշխավորող, ժողովրդավարությունը, մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն ապահովող իշխանություն:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

14.08.2024թ.