կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-27 16:12
Քաղաքական

Հոկտեմբերի 27-ի հարցը փորփրել կարելի է միայն նոր հիմքեր ունենալու դեպքում. Արտաշես Շահբազյան

Հոկտեմբերի 27-ի հարցը փորփրել կարելի է միայն նոր հիմքեր ունենալու դեպքում. Արտաշես Շահբազյան

Փորփրել, անդրադառնալ Հոկտեմբերի 27-ի հարցին կարելի է միայն այն դեպքում, եթե ունենք նոր հիմքեր, բացահայտվել են նոր հանգամանքներ` Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանի ներկայացուցիչ Արտաշես Շահբազյանը`Ագային ժողովի բակում տեղադրված հուշակոթողի մոտ՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո: «Այլապես ես չէի ուզենա, որ այս պետության համար վաստակ ունեցողների անունները ավելորդ շահարկվեին , կամ նրանց անունները մեջտեղ բերելով փորձ արվեր ինչ-ինչ նեղ, մանր խնդիրներ լուծել»,-նշեց նա:
Հարված հայ ժողովրդի ու պետականության թիկունքին`այսպես գնահատեց Հոկտեմբերի 27-ի ոճիրը Արտաշես Շահբազյանը:
«Ես չափազանցված չեմ համարում այս միտքը, որովհետև այն քաղաքական դասավորությունը և այն քաղաքական ուժերը, որ կային` իրենց կենսագրությամբ, իրենց վաստակով Հայաստանը նոր օրով շարունակելու նախադրյալներ էին ստեղծում»,-նշեց նա: Արտաշես Շահբազյանը համարում է, որ նախքան ոճիրը ստեղծված իրավիճակը մեր ժողովրդի համար արդյունավետ ժամանակահատված էր. «Եվ այս հարվածը եկավ ու ամեն ինչ խորտակեց»: Թեև պետությունը դիմադրեց այդ դժվարին փորձությանը, բայց, նրա խոսքով, այսօր էլ հարցի պատասխաններն ամբողջությամբ տրված չեն.
«Եվ մեզ մոտ վերքն այդ իմաստով մնում է ոչ ամբողջովին ամոքված»: Ծայրահեղությունների մեջ ընկնելն ու շահարկումներն այս հարցում, նրա համոզմամբ, արդարացված չեն: «Կան բարոյական կարմիր գծեր, որոնք շատ ավելի կարևոր են, քան մյուս կարմիր գծերը և այդ կարմիր գծերը չպետք է անցնել»,-նկատեց նա:
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը մեզ համար կարևոր է, վառ է` ասաց նա, գուցե պատմությունը ինչ-որ ժամանակ ավելի մեծ բացահայտումներ անի, բայց մենք, հարգելով և ցավի կշիռը գնահատելով, երբեք այս հարցերը չպետք է շահարկենք: «Խոնարհումս բոլոր նահատակների հիշատակին»,-եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանի ներկայացուցիչը: