Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնը համատեղ ասուլիսով են հանդես եկել:
Լրագրողները ՀՀ ԱԳ նախարարին հարց ուղղեցին Հայրենիք-Սփյուռք համաժողովի իր ելույթի վերաբերյալ, որտեղ ԱԳ նախարարը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հայտարարել էր. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»: Թե այդ ո՞ր տարածքներն են, որոնց վերադարձը, Նալբանդյանի կարծիքով, սպառնալիք չի ներկայացնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը, Նալբանդյանը նշեց, որ հարցի պատասխանը տրվել է «Ամերիկայի ձայնին», և որ իր ելույթից որոշ մեջբերումներ և դրա վրա հիմնված մեկնաբանություններ կոնտեքստից դուրս են եղել:
«Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի շուրջ, այլ խոսել եմ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, հենց եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են ներկայացնում: Եվ այդ սկզբունքները, այդ տարրերը մեկը մյուսից տարանջատելն անհնար կդարձնի ընդհանրապես կարգավորումը, ինչը և Ադրբեջանն է փորձում անել: Իսկ հիմա Դուք եք փորձում անել. տարանջատել այդ սկզբունքները կամ այդ տարրերը մեկը մյուսից:
Ես նաև նշեցի այն, որ, ինչպես և Հանրապետության Նախագահն էր նշել իր ելույթի մեջ, կարևորագույնն Արցախի կարգավիճակի և անվտանգության ապահովման հարցերն են: Եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածն ածանցյալ է: Երբ Դուք մեջբերեցիք, չնշեցիք, որ դրանից առաջ ես նշել էի բազմաշերտ անվտանգության երաշխիքների մասին և շատ մանրամասն էի դրանց անդրադարձել: Չգիտեմ՝ ինչու, որոշ մարդկանց անհրաժեշտ է տարանջատել, ինչ-որ մեկ բանի վրա շեշտադրում անել, սենսացիաներ անել: Դրա կարիքը չունենք:
Մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչև հիմա և որի արդյունքում մենք ասում ենք, որ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահողների կողմից արված հայտարարաությունների մեջ պարունակվող առաջարկություններին, որոնք մենք ընդունել ենք որպես բանակցությունների հիմք՝ ճանապարհ դեպի հիմնախնդրի կարգավորում:
Դրանցից Ադրբեջանը մշտապես հրաժարվում է և անգամ չի ցանկանում որևէ հղում կատարել դրանց: Դա տեղի ունեցավ, ինչպես մենք այսօր խոսում էինք այդ մասին, Ռիգայում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը պարզապես, ես չեմ խուսափի այդ բառից, փախուստի դիմեց գագաթաժողովից այն պատճառով, որ ԵՄ բոլոր երկրները, ինչպես նաև Արևելյան գործընկերության մնացած բոլոր անդամ երկրները կողմ էին, որ հղում կատարվի եռանախագահող երկրների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ արված այդ հինգ հայտարարություններին»: