կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-07 15:12
Առանց Կատեգորիա

Մեր չքնաղ լեզուն` օտար բերանում

Մեր չքնաղ լեզուն` օտար բերանում

Վերջերս մոլի սերիալասեր եմ դարձել: Ընդ որում՝ միայն արտասահմանյան: Երկար նստում եմ հեռուստացույցի առջև ու լսում… հայոց լեզուն: Տեր աստված, ի՛նչ հրաշալի է հնչում, ի՛նչ գեղեցիկ և ի՛նչ հարուստ: Ոչինչ, որ հնչում է ինչ-որ կոլումբացու, բրազիլացու կամ ամերիկացու բերանից, կարևոր է, որ հնչում է:

 

Կարևոր է, որ մոռանալ է տալիս հայրենակից զանազան սպոների, կարբիդների, մստոների լեզուն, որ նսեմորեն ու գետնաքարշ հնչում է հայկական սերիալներում: Ավաղ, համարյա բոլո՛ր: Այս մասին բազմիցս գրած լինելով՝ նորից չէի անդրադառնա թեմային, եթե ականջալուր չլինեի հայոց լեզուն նսեմացնելու նորահայտ մի փորձի, որի վտանգավորությունը չափել իսկ անկարելի է:

 

Եվ որքան վտանգավոր, նույնքան էլ նողկալի է փորձը: Որովհետև «ճագարի» դերում կրկին մայրենին է: Հայ սերիալիստները, գրական լեզվի հերը հաջողությամբ անիծելուց, հեռուստաեթերը հայկազյան անաղարտ բառերի փոխարեն զանազան բառաչ ու ձայնարկություններով լցնելուց հետո, անցել են այդ լեզուն հնարավորինս աղավաղելու, իմաստազրկելու և դրանով իսկ ծաղրելի դարձնելու «առաքելության» իրականացմանը:

 

Եվ գրեթե տիրապետող է դարձել մտայնությունը, թե` հայոց գրական լեզուն հայկական սերիալների համար ամոթալի ու մերժելի լեզու է, հետևաբար, պիտի ամեն կերպ այդ լեզվի «հախից գալ»` փողոցային բառ ու բանով, ժարգոնով, ինչպես նաև նոր` կոնտրլեզու ստեղծելով: «Շանթ» հեռուստաընկերության եթերում ամիսներ շարունակ ցուցադրվում է «Քաղաքում» սերիալը, որի հերոսները «ավանդաբար» խոսում են Երևանի խոսվածքով, անշուշտ` նաև գողական ժարգոնով, խոսում են՝ առանց նույնիսկ սցենարիստի գրածն անգիր անելու (այն տպավորությունը կա, որ սերիալների դերասաններին մոտավոր բացատրվում է տվյալ դրվագում իրենց ասելիքը կամ ասելիքի թեման, մնացածն իրենց անվերահսկելի իմպրովիզացիայի հույսին է, որը տեղում ձայնագրվում ու ժամեր չանցած հայտնվում է եթերում):

 

Բայց լեզվի հերն անիծող այս հերոսներն իբր քիչ էին, սցենարիստի երևակայությամբ մեկն էլ է հորինվել, որի «առաքելությունը» նոր հայերեն ստեղծելն է՝ նոր քերականությամբ, նոր կանոններով: Նշված սերիալի հերոսներից «Զորիկ ձյան», ինչպես ակնածանքով դիմում են նրան խաղընկերները, համառորեն քերականության նոր օրենքներ է մշակում և ինքն էլ առաջին օրինակը տալիս: Նրա լեզվում, ասենք, կանգնի՛ր հրամայական եղանակի բայը դառնում է կայնա՛, նստի՛ր-ը` նստա՛, պաչի՛ր-ը` պաչա՛ կամ պաչա՛ր, դի՛ր-ը` դրա՛: Նստար բայաձևը, նայած լեզվական միջավայրի (այդ միջավայրը ինքը` «Զորիկ ձյան» է ստեղծում), այս նոր լեզվում (պայմանականորեն կոչենք շանթերեն), բացի հրամայական եղանակի նստի՛ր-ից, կարող է նշանակել նաև` նստում ես, նստելու ես, նստեցիր… և այլն: Ինչպես տեսնում ենք, խնայողության բացառիկ ռեժիմ է մշակվում մեր լեզվի համար` ընդամենը մի բառ ես ասում ու հասկանում… ինչ ասես:

 

Մտավախություն կա, որ մինչև սերիալի ավարտը (եթե ավարտվի) «Զորիկ ձյան» կզորի իր շանթերենը կերտել-ավարտել, և մենք հերթական անգամ մի նոր վտանգ ու մարտահրավեր կարձանագրենք ծաղրի թիրախ դարձած գրական լեզվի համար: Եվ դարձյալ ոչ մեկը չի հարցնի, թե ո՞ւր է տանում լեզուն աղքատիկացնելու ու նախնադարակացնելու այս նորահայտ միտումը, չէ՞ որ մեծ է վտանգը, որ շուտով այն կընդօրինակվի հայկական մյուս հեռուստաընկերությունների կողմից, որոնք, ինչպես հայտնի է, հատկապես սերիալների «գծով» բռնված են մեկը մյուսին առաջկտրուկ անելու, մեկը մյուսին գերազանցելու ու նաև ընդօրինակելու մոլուցքով:

 

…Իսկ ես վերջերս մոլի սերիալասեր եմ դարձել, ընդ որում` նայում եմ բացառապես արտասահմանյան սերիալներ: Միայն թե լսում ու վայելում եմ ոչ թե սերիալը (երբեմն` նաև դա), այլ լեզուն, որ այնպես մաքուր ու հրաշալի հնչում է դրանում: Մեր չքնաղ լեզուն` օտար բերանում:

 

Լևոն Սարգսյան