կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-22 12:22
Քաղաքական

Հայաստանը պատրաստ է դուռը բացել, բայց Թուրքիան էլ պետք է դրան պատրաստ լինի. Փայլան

Հայաստանը պատրաստ է դուռը բացել, բայց Թուրքիան էլ պետք է դրան պատրաստ լինի. Փայլան

Թուրքիան մինչև 2015-ը գարուն էր ապրում. լրագրողներին ասաց Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը` հավելելով, թե մինչ այդ մտածում էին, որ Թուրքիայում ամեն ինչ լավ է լինելու, պայմանները լավանալու են, բայց 2015-ից ի վեր Թուրքիայում ազգայնականները դաշինք կազմեցին, և ամեն ինչ այսօր վատ է ու դեռ շարունակում է վատանալ:

«2009-ին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրեցինք և դրանից հետո այդ ճանապարհով չկարողացանք քայլել: Թուրքիայում պայմանները վատ են և վատանում են, ազգայնականները ուժ ունեն: Բայց Թուրքիայում մեծամասնությունը գոհ չէ ազգայնականների` այս ընտրած ճանապարհից: Գիտեք՝ ամենամութ ձմռանն անգամ պետք է գտնենք ճանապարհ: Մենք՝ ժողովրդավարներս, գիտենք, որ դուռը փակ է, իսկ այն գոնե մի քիչ բացելու համար պետք է ջանք թափենք: Թուրքիայում ժողովրդավարությունը, դժբախտաբար, անկում է ապրում: Բայց Հայաստանն ավելի ինքնավստահ է հիմա և ասում է. «Եթե Թուրքիան սա չընդունի, մենք դռները կփակենք»: /ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչեւ 2018թ. ապրիլ, եթե Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների մասով որեւէ քայլի չդիմի, դրանք առ ոչինչ կհամարվեն Հայաստանի կողմից-խմբ./:

Պարոն Նալբանդյանի հետ հանդիպեցի, պարոն վարչապետի հետ հանդիպեցի, ասուլիսից հետո էլ հանդիպելու եմ նաև պարոն նախագահի հետ և գիտեմ՝ նրանք պատրաստ են այս դուռը բացել, բայց Թուրքիան էլ պետք է դրան պատրաստ լինի: Պետք է երկխոսության դուռը մի քիչ բացենք: Դա շատ կարևոր է, ես դրա համար էլ եմ այստեղ: Եթե այս ջանքս իրականանա, Թուրքիա վերադառնալուս պես խոսելու եմ թուրք նախարարների հետ և պիտի ջանամ այս դուռը բացել»,- ասաց Փայլանը: