կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-14 14:01
Իրավական

Երևանում սպանված գործարարը, որևէ վտանգ չզգալով, բացել է դուռը

Երևանում սպանված գործարարը, որևէ վտանգ չզգալով, բացել է դուռը
Ինչպես հաղորդում է Փաստինֆո-ն, հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած հերթական սպանության մեջ առայժմ շատ են առեղծվածային դիպվածները, որոնք, հուսանք, կբացահայտվեն նախաքննության ընթացքում: 
 
Հիշեցնենք՝ 2 օր առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցի 17 շենքի 14 բնակարանում հայտնաբերվել էր ՌԴ քաղաքացի` 46-ամյա Համլետ Ասատրյանի դին` արյունաշաղախ վիճակում և պարանոցին հրազենային վնասվածքներով:
 
Հետաքրքրական է, որ, ըստ «Հայկական ժամանակի» հարցումների, հարևաններից ոչ ոք այդ օրը շենքում ոչ մի կասկածելի մարդու չի հանդիպել, նույնիսկ` կրակոցների ձայներ չի լսել: Սակայն հարևանները թերթի թղթակցին ասել են, որ բնակարանի դռան վերևում տեսախցիկ է եղել տեղադրված։ 
 
Ի դեպ, հետաքրքրական է, որ դեպքից հետո, ՀՀ ՔԿ տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն, «դեպքի վայրի զննությամբ տան ննջասենյակի պահարանի միջից հայտնաբերվել է 10 սմ երկարությամբ սև գույնի ատրճանակ»:
 
Միաժամանակ, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, տանտերը սպանության ժամանակ եղել է տնային հագուստով, իսկ դիակը հայտնաբերվել է նախասրահում, ինչը վկայում է, որ նա անձամբ է բացել դուռը, թերևս ճանաչել է հյուրերին։ Համենայն դեպս, կասկածելի բան նկատելու դեպքում, կարծում ենք, կվերցներ ննջարանի պահարանի ատրճանակը։
 
«Իսկ փաստը, որ բնակարանում ունեցած զենքն այդպես էլ մնացել է իր տեղում, ցույց է տալիս, որ տանտերը որևէ վտանգ չի զգացել ու չի էլ կասկածել, թե եկվորները վատ նպատակով են եկել:
 
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ սպանվածի վրա երկու տարբեր ինքնաձիգներից են կրակել: Իսկ տարօրինակն այն է, որ բնակարանում ոչ մի պարկուճ չի հայտնաբերվել: Իսկ սա արդեն վկայում է այն մասին, որ մարդասպանները չեն շտապել լքել հանցագործության վայրը, և այնքան արհեստավարժ են եղել, որ հավաքել են հանցագործության ապացույցներն ու տարել իրենց հետ:
 
Նշենք, որ արդեն իսկ Հայատան է ժամանել սպանվածի կինը, ով, մեր տեղեկություններով, մասնակցում է բոլոր քննչական գործողություններին:
 
Նշենք, որ, ըստ մամուլի, քաղաքացի 46-ամյա Համլետ Ասատրյանը Հայաստան էր եկել մի քանի օր առաջ՝ հուլիսի 9-ին` հանգստանալու նպատակով: Նա բնակվում էր Ռոստովի մարզի Ազով քաղաքում՝ կնոջ և երեխաների հետ:  
 
Ասատրյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից է, սակայն շուրջ 20 տարի է, ինչ հեռացել էր հայրենի գյուղից ու բնակություն հաստատել Ռոստովում և համարվում է կայացած գործարար։»,- կարդում ենք «Փաստինֆո»-ում: