Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկապության 26-րդ ամյակի կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը: Պատերազմի կրակների և ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ և աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով և վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ:
Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային ավանդույթներին, բայց նաև ժամանակակից է և ընդունակ տեղայնացնելու այն լավագույնը, որ մարդկությունը ստեղծել է գիտության ու մշակույթի, տնտեսության ու քաղաքականության և այլ ասպարեզներում: Անցած քսանվեց տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն: Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ:
Արցախի պաշտպանները գիտեն կռվել և հանուն ինչի կռվել: Արցախի զինված ուժերը պաշտպանում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և մեծ հաշվով՝ ողջ հայության անվտանգությունը: Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը: Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ Պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է և ողջ հայությունը:
Այս փառավոր օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջև:
Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»: