Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
8 ամիս առաջ` փետրվարի 8-ին, Թալիշում դիպուկահարի գնդակից զոհվեց ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Նա հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն է իրականացրել: Գեղամը կյանքի գնով կարողացել է ավարտին հասցնել իր գործը՝ կիսատ չթողնելով այն:
8 ամիս` առանց մինուճար որդու… Yerkir.am-ի հետ զրուցել է Գեղամի մայրը` տիկին Արմինան:
Գեղամը ռազմական ճանապարհը սկսել է 17 տարեկանում` բանակ զորակոչվելուց սկսած, «Եղնիկներ» կոչվող զորամասում: Վերջին տարիներին նա ծառայություն էր իրականացնում Մատաղիսում` որպես ինժեներասակրավորական ջոկատի հրամանատար: 2015թ. հոկտեմբերի 11-ին Գեղամը վիրավորվել էր ականի պայթյունից: Վնասվել էր Գեղամի աջ ոտքը, և, դեռ լավ չապաքինված, կրկին մեկնել էր ծառայության: Թեև ծառայության ժամկետը լրացել էր, բայց նա շարունակում էր ծառայել:
Գեղամի հայրն էլ է զինծառայող եղել: Մանուկ հասակից Գեղամը միշտ հետաքրքրված է եղել բանակով, նրան դուր էր գալիս զինվորական համազգեստը: Տղայի հետաքրքրության կենտրոնը բանակն էր և զինվորական ծառայությունը:
«Գեղամը զոհվեց 21 տարի ծառայելուց հետո: Ապրիլյան պատերազմից հետո նա բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել խրամատների, բլինդաժների կառուցման նպատակով: Ապրիլյան պատերազմից հետո շատ լարված էր, շատ էր չարչարվում, գիշերները ուշ էր գալիս, առավոտները` շուտ գնում, անընդհատ վազքի մեջ էր: Ծառայում էր ջանասիրաբար, նվիրված»,- պատմում է տիկին Արմինան:
Մոր խոսքով` Գեղամը աչքի էր ընկնում անհանգիստ բնավորությամբ, չէր սիրում ծույլերին, չէր սիրում նրանց, ովքեր չէին ցանկանում ծառայել: Եվ երբ խոսք էր գնում այն տղաների մասին, ովքեր մտածում էին բանակից խուսափելու մասին, արտագաղթելու մասին, ասում էր. «Դե, նրանք մնում են` ի՞նչ անեն, թող գնան»: Եվ հակառակը` չվարկաբեկելով այլոց, սիրում էր այն մարդկանց, ովքեր մնում են իրենց հողի վրա ու աշխատում:
«21 տարի է` ես` լարված, աչքս` ճանապարհին: Ամեն անցնող օրը, երբ նա ողջ-առողջ տուն էր գալիս, համարում էի հաջողություն: Քնել եմ այն ժամանակ, երբ իմացել եմ` արդեն տանն է: Նրա խոսակցության միակ թեման բանակն էր, չէ՞ որ կյանքը բանակի հետ էր կապել և ուրիշ ոչ մի տեղ չէր աշխատել: Չէի համարձակվում ասել ու համոզել նրան` բավական է, ծառայության ժամկետը լրացել է, ոտքդ վիրավոր է, որ դուրս գա ծառայությունից: Չէի համարձակվում ասել, որովհետև նա շատ էր սիրում ծառայությունը: Մենակ մի բան էր ասում. «Մա'մ, գլուխդ բարձր պահիր»»,- պատմում է մայրը:
Գեղամը գեղեցիկ ընտանիք ունի` կին և երկու երեխա: Գեղամի մոր նպատակը հիմա մեկն է. «Ուզում եմ` առողջությունս ների, որ գոնե Գեղամի երեխաներին պահեմ, մեծացնեմ, իրենց նպատակին հասցնեմ»:
Տիկին Արմինան ուսուցչուհի է: Գեղամի մահվանից հետո, երբ մտել է դասարան, ասում է` աշակերտները փոխվել էին, լուռ էին, լուրջ և կարծես հասունացած:
Մայրը հիշում է որդու ասածները. ապրիլյան պատերազմից հետո Գեղամը վստահ էր` դեռ մի 20 տարի պատերազմ չի լինելու, և ամեն ինչ լավ է լինելու, ասում էր. «Պետք է պահես հողը, որ նրանք առաջ չգան: Ուրիշը, ուրիշ պետությունը մեր հողը չի պահելու, մենք ու մեր երեխաները պետք է հողը պահենք»:
Մայրը, արցունքն աչքերին, հիշում է Գեղամի վազքը` այն էլ վիրավոր ոտքով` հենակով մի կերպ քայլելով: Այդ չարաբաստիկ օրն իր առաջադրանքը կատարելիս Գեղամը մի պահ ընկերներին ասել է. «Զգում եմ, այստեղ ինչ-որ բան այն չէ»: Քիչ անց դիպուկահարի գնդակը դիպել է ուղիղ սրտին…
Գեղամին զինվորները շատ են սիրել, հարգել: Ծննդյան օրը հեռախոսազանգերը չեն դադարել, զանգում էին թե' Արցախից, թե' Հայաստանից, թե' զինվորները, թե' նրանց ծնողները` ասելով. «Շնորհակալություն, կամանդի'ր, գոհ ենք, որ մեր տղաները քո հրամանատարության ներքո են ծառայել»:
Հ.Գ. Գեղամի ընկերները Մարտակերտում կանգնեցնելու են հերոսի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Այն կտեղադրվի Գեղամ Մանուկյանի մահվան տարելիցին` փետրվարին:
Մելանյա Մելքումյան