Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ VoskanapatInfo-ն այսօր ուշագրավ նյութ է հրապարակել, որում նաև կա Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի զեկուցագիրը` ուղղված Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Այդ զեկուցագրում մասնավորապես ասված է. «2016թ.-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստներն են` 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող»։ Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։
Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով հրապարակված փաստաթղթին, նշեց, որ չի բացառվում, որ զեկուցագրում ներկայացվող տվյալները ևս կիսատ են: «Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը միշտ թաքցնում է իր զոհերի իրական թիվը: Չի բացառվում, որ նաև այս տվյալները լինեն կիսատ, որովհետև, մեր հաշվարկների համաձայն, նրանք տվել են ավելի շատ զոհեր»,- ասաց նա, ապա հավելեց, որ այդտեղ ներկայացվածը ադրբեջանական բանակի զոհերի միայն մի մասն է:
«Նույն Մեհրիբան Ալիևան, երբ հանդիպել էր ապրիլյան պատերազմում զոհված` իրենց զինվորների ծնողների հետ, այնտեղ՝ դահլիճում, 1500-ից 2000 մարդ էր: Այդ կեղծարարությունները նրանք միշտ էլ օգտագործել են»,- հավելեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները կա՛մ վախեցնում, կա՛մ կաշառում են ծնողներին, որպեսզի թաքցնեն իրական զոհերի թիվը, և դա արդեն դարձրել են բիզնես: «22 տարի պատրաստվելով կայծակնային պատերազմի՝ նրանք չեն հաջողել: Այդ երկու բարձունքի գրավումը դարձրել են առասպելական հաղթանակ իրենց համար: Թաքցնում են իրական զոհերի թիվը, որովհետև գիտեն, որ դա ավանտյուրա է»,- ասաց Բաբայանը, ապա ընդգծեց, որ սեփական լսարանն ու Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցիները պետք է ասեն՝ սա՞ է ձեր հաղթանակը:
Ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակի՝ այդ ամենը քողարկվում է, որովհետև խորքում բիզնես է: «Տեղական իշխանությունները և այլ օղակներ կաշառում են զիվորներին, որպեսզի չասեն, թե զոհեր ու վիրավորներ կան: Կաշառքի մի մասը գնում է պետական չինովնիկներին: Սա խայտառակ կաշառակերների մի թև է. թաքցրած զոհերի օրգաններ են վաճառում նույնիսկ»,- ասաց նա։