կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-22 11:06
Քաղաքական

Անընդհատ բյուջեից գումար եք ուզում. վարչապետը դժգոհել է

Անընդհատ բյուջեից գումար եք ուզում. վարչապետը դժգոհել է

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12.130 մլրդ ՀՀ դրամ է, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 41 մլրդ 300 մլն ՀՀ դրամ:

Մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից է գյուղատնտեսության ոլորտը: Մարզպետի խոսքով՝ վերջին տարիներին տեղական ու միջազգային կազմակերպությունների և անհատ ներդրողների կողմից իրականացվում են ջերմոցային, չրանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Այդ տնտեսությունների թիվն արդեն գերազանցում է 200-ը՝ ավելի քան 400 աշխատատեղով: Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 20 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 400 մլն ՀՀ դրամ արժեքով, որից հավանության է արժանացել 12-ը: Ընթացքի մեջ են «Բերք» ՍՊԸ-ի կողմից բազմաբերք ելակի ջերմոցի հիմնման աշխատանքները, իսկ մնացած ծրագրերը գտնվում են քննարկման փուլում:

Մարզպետը զեկուցել է, որ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են շուրջ 921.3 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ ակնկալվում է սեփական եկամուտների աճ՝ աղբահանության նոր պայմանագրերի կնքման և Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկայի կառուցման հաշվին: Մարզում ձևավորվել է 4 խոշորացված համայնք՝ Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ և Այրում: Բերդի տարածաշրջանում խոշորացման գործընթացը նախատեսվում է 2017թ. աշնանը:

Մարզի բոլոր 40 համայնքներն ունեն հնգամյա զարգացման ծրագրեր: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին կազմակերպվել է համամարզային շաբաթօրյակ, նմանատիպ շաբաթօրյակ նախատեսվում է անցկացնել նաև հուլիսի 29-ին: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ և առաջ ուշադրություն է հրավիրել համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակի վրա.

«Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում: Հետևաբար, այստեղ չկանոնակարգված դաշտ է: Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ սակագին եք դնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում: Մենք էլ պարզ ձևակերպել ենք, որ յուրաքանչյուր համայնքի սուբսիդավորումն իրականացնելու ենք հետևյալ սկզբունքով. ամենաշատը՝ ոչ թե ամենախեղճին, այլ ամենաշատ գործ անողին, բեռ վերցնողին»:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետին աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից սեփական եկամուտների և աղբահանության գումարների ակնկալվող ծավալների վերաբերյալ: