Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում առողջապահության ոլորտում 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ 83,5 միլիարդ դրամ է բյուջեից հատկացվել առողջապահության նախարարությանը, որը 2,7 միլիարդ դրամով ավելի է` նախորդ տարվա համեմատ: Հատկացումների 83 տոկոսն ուղղվելու է հիվանդանոցային ու արտահիվանդանոցային ծառայությունների ձեռքբերմանը:
2015թ. հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել առաջնային օղակի միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը` դարձնելով 79 հազար 400 դրամ, նախորդ` 76 հազար 100 դրամի փոխարեն: Բժիշկների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը կմնա անփոփոխ` 178 հազար 600 դրամ:
Նախատեսված է փոխհատուցել շուրջ 300 հազար հիվանդանոցային բուժօգնության ու բուժսպասարկման դեպք` նախորդ տարվա 290 հազար դեպքի փոխարեն:
Նոր ծրագրերից է սրտի անհետաձգելի վիրահատությունների համար արվող փոխհատուցումները, որին կտրամադրվի 500 միլիոն դրամ: «Կյանքը փրկող այս ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատությունների իրավունք ունեցող որևէ խմբում»,- ասաց նախարարը:
Մյուս նոր ծրագիրը արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումներն են, որի վրա կծախսվի 36 միլիոն դրամ: Կվերապատրաստվեն սրտաբաններ, ուռուցքաբաններ, արյունաբաններ և ճառագայթային բժշկության մասնագետներ:
Մոր և մանկան առողջության պահպանումը կմնա առողջապահության նախարարության գերակա ուղղություն: Առաջին անգամ բյուջեից գումար կհատկացվի անպտուղ զույգերի բուժօգնությանը: