Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր, 70-ամյա Ռուբեն Պողոսյանի մահվան գործով կասկածյալ, 34-ամյա Հրանտ Համբարձումյանը հայտնաբերվել է: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել Համբարձումյանին որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է:
Նշենք, որ հիշյալ հոդվածը վերաբերվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կատարման հետ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Սույն արարքը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորը ծանր մարմնական վնասվածք է ստացել իր աշխատասենյակում հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հրանտ Համբարձումյանի կողմից:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 70-ամյա Ռուբեն Պողոսյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:
Ռուբեն Պողոսյանը մահացել է դեպքից երեք օր անց՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում՝ կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով: