կարևոր
2932 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-14 12:11
Հասարակություն

Ինչպե՞ս կանխել թմրամոլությունն ու ծխելը դեռահասների շրջանում. հոգեբանի դիտարկումները

Ինչպե՞ս կանխել թմրամոլությունն ու ծխելը դեռահասների շրջանում. հոգեբանի դիտարկումները

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2022 թ.տվյալների (2023 թվականի տվյալները ներմուծված չէին կայքում), առաջին անգամ հաստատված ախտորոշումով գրանցված հիվանդների թվաքանակը թմրամոլության շրջանակում 100,000 բնակչի հաշվով կազմում է 307։

Վերջին շրջանում հատկապես վնասակար սովորությունների, ավելի կոնկրետ՝ թմրամոլության և ծխախոտի օգտագործման լայն տարածումն ապացույց է, որ Հայաստանում ոչ թե նվազում, այլա ճում է այդ հարաբերակցությունը, հատկապես՝ դեռահասների շրջանում։

Հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Կարինե Նալչաջյանի հետ փորձել ենք պարզել դեռահասների մոտ վնասակար սովորություններ ի հայտ գալու հիմնական պատճառները։ Մեզ հետ զրույցում հոգեբանը նշեց, որ դեռահասությունը յուրահատուկ տարիք է անձի ձևավորման համար։

«Դեռահասության տարիքում նրանց ես-ն առաջնային է դառնում, հարցեր են ծագում՝ ո՞վ եմ ես, ինչի՞ եմ ունակ, ի՞նչ ազդեցություն ունեմ իմ շրջապատի նկատմամբ և այլն։ Շատ կարևոր է, թե դեռահասը ինչ արժեքային միջավայրում է իր անձը ձևավորել, ի՞նչն է իր համար արժեք, դրանով մենք կանխատեսում ենք՝ ինչի է ընդունակ տվյալ մարդը։ Պետք է հասկանալ, որ նրանց տարիքում ես-ի ինքնահաստատումը բավականին կարևոր է, և այս տարիքում երեխաները սկսում են խարխափել արժեքային համակարգի ճիշտ դրսևորման հարցում, մանավանդ տղաների շրջանում իրենց ազդեցիկության, առնականության դրսևորումները իրենց համար առաջնային նշանակություն են ստանում։ Արդյունքում՝ ծխելը, խմելը, թմրամիջոցներ օգտագործելը ինչ-որ իմաստով դառնում է ինքնահաստատման միջոց»- փաստեց հոգեբանը։

Ըստ զրուցակցի՝ դեռահասությունը մի տարիք է, երբ անձը մի ոտքով մանկության մեջ է, մյուսով՝ մեծերի աշխարհում, այսպես ասած մարգինալ (լուսանցքային) իրավիճակում է, իսկ դա հոգեբանական յուրահատկություններ է առաջացնում։

«Դեռահասը չի գիտակցում՝ մե՞ծ է, թե՞ փոքր, դրանում նրան շփոթեցնում են նաև ընտանիքի անդամները, երբ մի իրավիճակում նրան ասում են, որ փոքր է և շատ բան չի հասկանում, մի իրավիճակում՝ քեզ մեծի նման դրսևորիր։ Դեռահասը հասարակության մեջ փորձում է իր դերն ունենալ, դրա համար էլ շատ հաճախ, տեսնելով մեծերի պահվածքը, փորձում է նրանց նմանվել, նրանցից վերցնելով նաև այդ վնասակար սովորությունները։ Ընտանիքը իր ազդեցիկությունն այս տարիքում կորցնում է ինչ-որ չափով և ռեֆերնտային են դառնում նրա հասակակիցները, և, եթե նրանք արժեքային անկման մթնոլորտում են մեծացել, ապա իրենց համար արժեք է դառնում վատ սովորություններից օգտվելը։ Եթե մենք արժեքային համակարգ չձևավորենք նրանց ներսում, ապա նրանք կտրվեն կեղծ արժեքների, ֆիկտիվ ինքնահաստատման, այսինքն՝ կործանման։ Եթե ուզում ենք այս ամենից ազատվել, պետք է կարողանանք արժեքային համակարգի վերականգման ճանապարհով գնալ, ազգային նշանակության արժեքներ ունենալ, որոնք հոգեբանորեն շատ առողջ են և հասունացնում են մարդուն։ Ընտանիքը առաջնային սոցիալականացման միջավայր ստեղծողն է, պետք է ցուցաբերել խելամիտ դիրքորոշումներ երեխայի նկատմամբ, չի կարելի հրամայողական եղանակներով վարվել դեռահասի հետ, քանի որ երեխան հակառակը կանի։ Շատ կարևոր է նաև, որ ընտանիքները հոգեբանական գրագիտություն ունենան, որի խնդիրը հիմա շատ է, ծնողները պետք է հարգեն իրենց երեխաների անձը, և նրանց հետ համագործակցելով թելադրեն այն արժեքները, որոնք իրապես արժեքներ են, հակառակ դեպքում երեխայի համար ընտանիքի անդամները կդադարեն լինել վստահելի, հեղինակություն, և նա կփորձի գտնել այնպիսի միջավայր, որտեղ նրան կհասկանան»- ասաց հոգեբանը։

Հոգեբանական գրագիտության տարածումը շատ մեծ նշանակություն ունի, ինչպես նաև հոգեբանական պրոֆեսիոնալ օգնությունը կարող է օգնել. Կարինե Նալչաջյանի տեսակետ-առաջարկն է։

«Այժմ մենք ապրում ենք քաղաքակրթական բավականին վտանգավոր էտապում, և վտանգավոր գայթակղությունները շատ են մեր կյանքում։  Որպեսզի երեխայի անձը լինի հարգված, ընտանիքը պետք է դրսևորի ժողովրդավարական մոտեցումներ, թելադրող վարքը բոլոր հանգամանքներում չէ, որ լավ տեղ է տանում, պետք է հասկանալ երեխային, զինվել երեխայի հոգեկան աշխարհի նրբերանգները հասկանալու համբերատարությամբ, ինչը երբեմն իսկապես համբերություն է պահանջում։ Եթե մենք մեր երեխային մեծացնում ենք իրապես բարձր արժեքների մթնոլորտում, և ինքներս դրա կրողներն ենք, ապա երեխան մեծ հավանականությամբ այսպիսի շեղվող վարքի դրսևորումներ չի ունենա»,-իր խոսքը եզրափակեց հոգեբանը։

Անժելա Սեդրակյան

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին, 3-րդ կուրս