կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 14:41
Հասարակություն

Ուսումնավարժանք՝ Արզնի ձորում. բարձրահարկ շենքում տեղի էր ունեցել պայթուն

Ուսումնավարժանք՝ Արզնի ձորում. բարձրահարկ շենքում տեղի էր ունեցել պայթուն

Կոտայքի մարզի Արզնի ձորում կայացավ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը բարձրահարկ շինությունում» թեմայով ուսումնավարժանք: Ցուցադրական վարժանքն իրականացվեց Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակներում: Ուսումնավարժանքի ընթացքին հրամանատարական դիտակետից՝ հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ԻԻՀ «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիային և պատվիրակության անդամները:

Ըստ ուսումնավարժանքի սցենարի՝ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի ձորի բարձրահարկ բնակելի շենքում տեղի էր ունեցել պայթուն, կան տուժածներ: 

Անմիջապես դեպքի վայր են ժամանում ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ երկու փրկարարական խմբերը, ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի պարամեդիկական խումբը, ԵՓՎ մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: Ուսումնավարժությանը ստորաբաժանումները ներգրավված էին երկու փուլով: Առաջին փուլում իրականացվեցին փրկարարական և առաջին բուժօգնության աշխատանքներ, իսկ երկրորդ փուլում` հրդեհաշիջման և բուժօգնության աշխատանքներ:

Ուսումնավարժանքին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը` մեկ պարամեդիկական ավտոմեքենայով, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը` տասներկու փրկարարներով, փրկարարական և մեկ օժանդակ ավտոմեքենաներով, ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ շտապ բուժօգնություն մեկ բրիգադ:

Ուսումնավարժանքը նպատակ ուներ ստուգել բնակելի շենքում պայթունի հետևանքով ստեղծված իրավիճակում գործելու արձագանքող ուժերի պատրաստվածությունը, տվյալ իրավիճակում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների իրականացման կարողությունը, ինչպես նաև՝ կատարելագործել անձնակազմերի՝ հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մարդկանց որոնելու և փրկելու, գործնական հմտությունները: