կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 12:38
Իրավական

Պահանջում են դատական նիստերի դահլիճ բերել Արայիկ Խանդոյանին

Պահանջում են դատական նիստերի դահլիճ բերել Արայիկ Խանդոյանին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների մասով հերթական դատական նիստը: Ոստիկաններն ու կարգադրիչները շարունակում են դատարանի բակում և դատարանում ուժեղացված ծառայություն իրականացնել:

Դատական նիստերի դահլիճում անվտանգության աշխատանքներն է համակարգում փոխգնդապետ Արմեն Ղազարյանը: Նա ` պաշտպանների պնդմամբ, այն անձն է, ով այս դատարանում ծեծի է ենթարկել գործով առնվազն չորս ամբաստանյալի: Պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Արա Ղարագյոզյանն հայտարարեցին, որ անթույլատրելի է Ղազարյանի ներկայությունը դատական նիստին, քանի որ կասկածյալն իրավունք չունի շփվել տուժողի հետ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ այդ դեպքի կապակցությամբ քրեական գործ կա հարուցված և նախաքննություն է ընթանում: Նա ասաց, որ այդ հարցին կանդրադառնա հետո, երբ պարզի, թե իր նկատմամբ դատավարության մասնակցիներն ինքնաբացարկի միջնորդություն ունեն, թե` ոչ: Նշենք, որ դատական նիստերի դահլիճում չէ այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ): Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Խանդոյանը դատարանի շենքում է, բայց քանի որ նրա նկատմամբ նախորդ դատական նիստին սանկցիա է կիրառվել, նրան չեն ներկայացրել նիստին:

Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պահանջեց դատական նիստերի դահլիճ բերել իր պաշտպանյալին, ապա կասկածի տակ դրեց գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի անկողմնակալությունը: Նա հիշեցրեց, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքում երբ ծեծի էին ենթարկվում իրենց պաշտպանյալները` ծեծի ձայները լսելի են եղել անգամ նիստերի դահլիճում:

«Դուք դրան ուշադրություն չեք դարձրել: Դուք չեք կառավարում այս դատական նիստը: Դուք չեք կարող ինքնուրույն որոշում կայացնել և վստահություն չեք ներշնչում»,-դիմելով դատավորին` ասաց փաստաբանը:

Նշենք, որ դատական նիստերի դահլիճում չէ այս գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա դատարանին տեղեկացրել է, որ այլ դատարանում մասնակցում է այլ գործով դատական նիստի: Համաձայն մեղադրական եզրակացության՝ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլք:

Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել խմբի անդամներին, կատարել գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:

2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա, «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով` կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների: