Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին բավականին կոշտ պատասխանել է իր հասցեին իշխանության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին:
Հիշեցնենք, Երևանում անցած շաբաթ ընտրական համակարգի վերաբերյալ կազմակերպված մի աշխատաժողովի ժամանակ նա կարծիք էր հայտնել, թե մեր երկրում ընտրական գործընթացի նկատմամբ հասարակական վստահությունը վերականգնելու համար գուցե կարելի է դիտարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը փոփոխության երթարկելու և դրանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներառելու տարբերակը: Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, թե այդ հայտարարություններն ինչ-որ առումով Հայաստանի նեքին խնդիրներին միջամտելու փորձ է:
Եվ ահա ԵՄ պատվիրակայթան ղեկավարն այսօր հայտարարել է, թե «Հայերը շատ լավ հասկանում են, որ ինքնիշխանության սպառնալիքներն այլ տեղ են թաքնված, ոչ թե մեր բարեկամական աջակցության մեջ»՝ թերևս ակնարկելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները:
Նա հավելել է, որ ԵՄ-ն զգալի՝ ավելի քան 7 մլն եվրոի չափով ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին ընտրական գործընթացը բարելավելու համար և դա արել է «ՀՀ իշխանությունների բացահայտ խնդրանքի հիման վրա»: Ապա Սվիտալսկին խոսել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին և իր ոճով նշել. «Եթե դուք ցանկանում եք ապացուցել, որ անկեղծորեն հետաքրքրված եք վիզայի ազատականացման գործում, սկսեք անել այս տնային աշխատանքը, նախապատրաստվեք դրան, մշակեք օրենքներ, ներմուծեք անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք պետք է անել, եթե դուք մտածում եք վիզայի ազատականացման մասին: Ես չեմ ամաչում ասել, որ աջակցում եմ վիզայի ազատականցման ռեժիմին»:
Եթե ԿԸՀ-ի մասով Սվիտալսկու «խորհուրդները» միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, ապա նույն տրամաբանությամբ պետք է որպես այդպիսին որակել նաև նրա հայտարարությունները վիզային ռեժիմի ազատականացման իրավական բազայի ձևավորման «տնային աշխատանքը» կատարելու վերաբերյալ: Մինչդեռ նման կերպ մտածելու հիմք չկա. Սվիտալսկին ընդամենը հուշում է ԵՄ-ի ակնկալիքները Հայաստանից, եթե վերջինս անկեղծորեն շահագրգռված է ԵՄ-ի հետ ավելի ինտեգրման և դրա շրջանակում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ահա թե ինչու է նա շեշտում, որ եթե ԵՄ-ի կարիքը Հայաստանը չունի, իրենք իրենց ներկայությունը նրան չեն պարտադրի:
Նույնը վերաբերում է նաև ԿԸՀ-ի կազմի հետ կապված նրա մոտեցմանը: Այն իրականում հնչել է ոչ թե որպես պարտադրանք, այլ ընդամենը առաջարկ, իրավիճակը փոփոխելու տարբերակ: Այս իմաստով Սվիտալսկու հայտարարությունների այսպիսի սուր թիրախավորումը խիստ չափազանցված էր: Եթե նմանատիպ հայտարարություններին այսպես ենք արձագանքելու, ապա պետք է արգելենք ԵՄ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներին՝ մոնիթորինգի ենթարկել Հայաստանում ընթացող ընտրությունները և դրանց հիման վրա զեկույցներ ներկայացնել, որովհետև այդ զեկույցներում շատ ավելի կոշտ պահանջեր են դրվում Հայաստանի առջև:
Ո՞րն է տրամաբանությունը՝ հետո որպես հանձնառություն ստանձնվող այդ պահանջները չընկալել որպես երկրի ներքին խնդիրներին միջամտելու փորձ, իսկ աշխատաժողովի ժամանակ արված առջարկ-դիտարկումը՝ գնահատել այդպիսին: Եվ դա՝ փաստացի զուտ այն պատճառով, որ դեսպանը համարձակվել է հիշեցնել ակնհայտը, որ Հայաստանում անցած ընտրություններն անամպ չեն անցել և շտկումների կարիք կա:
Արտաքին միջամտության փորձի մասին ներսից հնչած այդ քննադատությունը ԵՄ դեսպանի համար պատճառ դարձավ բաց տեքստով խոսելու այլ տեղերից Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքների մասին, ինչն իրականում ամոթալի է:
Փաստացի Սվիտալսկին անուղղակի ասում է, որ եթե կարող եք իմ առաջարկությունը համարել ինքնիշխանության հանդեպ ոտնձգություն, ապա ինչո՞ւ նույն անհանդուրժողականություն չեք դրսևորում, երբ, օրինակ, Ռուսաստանից են նմանատիպ և երբեմն նույնիսկ ավելի ցինիկ հայտարարութուններ հնչում կամ գործողություններ կատարվում:
Հարց է առաջանում՝ արդյոք կա՞ր եվրոպացի էմիսարին նման ապտակ հասցնելու առիթը տալու կարիքը: Արդյոք կա՞ր այս փուլում, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկում է համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի ստորագրման հարցը, նման կտրուկ ռեակցիայով կասկած հարուցել, որ ԵՄ-ի հետ գործակցության հարցում Երևանը գուցե այդքան էլ անկեղծ չէ և գուցե այդ ամենը բուտաֆորիայի համար է արվում: Սվիտալսկու պատասխանների տողատակից այդ կասկածներն են զգացվում:
Հայաստանի իշխանություններն իրենք են դիմել ԵՄ-ին՝ օգնելու կատարելագործել ընտրական գործընթացը: Եվ ստանալով այդ օժանդակությունը, արդեն իսկ նրան տվել են նման առարկություններով հանդես գալու բարոյական իրավունքը: Եվ երբ արդեն տրվել է նմանատիպ «միջնորդություններ» կատարելու, լեգիտիմ իրավունք, ուղղակի անտեղի է պահանջել լռել կամ բացառապես սիրաշահող հայտարարություններ անել, առավելևս, երբ այն Հայաստանի առջև բացարձակապես որևէ կաշկանդվածություն չունի:
Իրականում Սվիտալսկու հայտարարությունները ոչ թե անմիջապես դրանց հապճեպ և զգացմունքային դիմադրելու, այլ ընտրական համակարգում առկա ներկայիս խորքային և փակ շղթա հիշեցնող խնդիրները թիրախավորելու, քննարկելու, ստեղծված իրավիճակից ելքերի գտնելու հարցը ներքաղաքական օրակարգի մաս դարձնելու տեղիք պիտի տար: Եվրոպական էմիսարներին լռեցնելով հնարավոր չէ համոզել, որ գործող ընտրական համակարգն անթերի է, և նոր օրենսգրքի ընդունումը գործարկումն արդեն լուծել է բոլոր խնդիրները:
Ցանկացած օտար դիվանագետի, այդ թվում նաև Սվիտալսկուն լռեցնելու, մեզ խրատողի կեցված ընդունելուց հրաժարվել ստիպելու, մեր ներքին գործերին միջամտելու հնարավորությունից զրկելու լավագույն միջոցը իրականությանն առանց վարդագույն ակնոցների նայելն ու առկա համակարգային խնդիրների համար գործնական լուծումներ գտնելն է: Մնացածն ուղղակի իրականությունից փախչելու և ինքնախափեությամբ զբաղվելու տպավորություն է ստեղծում:
Գևորգ Դարբինյան