կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-01 07:19
Հասարակություն

Կարգավորվում է ավտոմեքենաների տեխզննումը

Կարգավորվում է ավտոմեքենաների տեխզննումը

Այսօր Հայաստանի կառավարությունը իր արտագնա` Օշականում կայացած նիստում հաստատել է ՀՀ-ում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը, որի համաձայն` տարբերակված մոտեցում կցուցաբերվի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի, կտրոնների տրամադրման և հաշվառման սկզբունքներում։

Կառավարության իրականացրած մոնիտորինգի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ թերություններ, մասնավորապես այն, որ ավտոմեքենաների տեխզննումը ձևական բնույթ է կրում, ավելին` քաղաքացիներն օրենսդրությամբ չսահմանված վճարումներ են կատարում կամ մեքենաներն ընդհանրապես չեն ներկայացնում տեխզննման։

Ընդունված որոշումը հնարավորություն է տալիս, որ շուկան լինի ինքնակարգավորվող, քաղաքացիներն իրենք ընտրեն տեխզննման այն երեք տասնյակ կայաններից մեկը, որտեղ կուզենային անցկացնել այդ գործընթացը. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետի հավաստմամբ` հաջորդ քայլը լինելու է տվյալ խնդրի լուծման մեջ ապահովագրական ընկերությունների ներգրավումը, ինչի շնորհիվ կգործի փոխվերահսկողության սկզբունքը։

Այդպիսով` կապահովվի ոչ միայն երթևեկության անվտանգությունը, այլև քաղաքացիները կազատվեն տարեկան 5 հազար դրամ անտեղի մուծելու անհրաժեշտությունից։