Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման նպատակով իրականացվող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը նախատեսված ժամկետում ներկայացվել է կառավարության քննարկմանը։ Սահմանված ժամանակացույցի համաձայն, փաստաթուղթը պետք է ներկայացվեր մինչև մայիսի 31-ը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, ծրագիր-ժամանակացույցի հետ միաժամանակ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով իրավական պայմաններ կստեղծվեն շուկայի ազատականացման ու միջպետական առևտրի զարգացման համար։ Օրինագծով միաժամանակ հստակեցվում են շուկայի մասնակիցների գործառույթները։
Կառավարության կողմից հաստատվելուց հետո, կսկսվի ծրագիր-ժամանակացույցով պլանավորված միջոցառումների իրականացումը։ Դրանք ներառում են մասնավորապես էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների աստիճանական ազատականացումը խթանող դրույթների սահմանման, մատակարարման և բաշխման գործառույթների տարանջատման, առանց լիցենզավորման էլեկտրաէներգիայի արտահանման ու ներկրման գործունեության կարգավորման, շուկայում երրորդ կողմի մուտքի ոչ խտրական իրավունքի երաշխավորման և մի շարք այլ խնդիրներին վերաբերող հարցեր։
-Ծրագիր-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացումը թույլ կտա առաջիկա 3-4 տարիների ընթացքում աստիճանաբար ազատականացնել ներքին էլեկտրաէներգետիկական շուկան և խթանել փոխշահավետ միջսահմանային առևտուրը: Այն կնպաստի Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը,-ասել է Հայկ Բադալյանը։
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն