կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-22 11:50
Քաղաքական

Եթե այդ հողերը հանձնվեն, դա կլինի ինքնասպանության նման մի բան. Արման Նավասարդյան

Եթե այդ հողերը հանձնվեն, դա կլինի ինքնասպանության նման մի բան. Արման Նավասարդյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջերս ԱԺ-ում նախագահ Սարգսյանի ելույթին: Նա նշեց, որ նախագահի ելույթում նոր տարրեր կային, որոնք չեն կարող մեր ուշադրությունից վրիպել:

«Խոսվեց ստատուս քվոյի մասին: Ասվեց, որ այն կարող է փոխվել և Արցախի հիմնահարցի կարգավորման մեջ  ինչ-որ առաջընթաց կարող է լինել. փոխզիջում` այո, զիջում` ոչ»,- ասաց Նավասարդյանը:

Ելույթում խոսվել էր նաև Կազանյան պայմանագրի մասին: Բանախոսի խոսքով` դա միակ փաստաթուղթն է, որ մնացել է, և որի շուրջ տեղի են ունենում բանակցային գործընթացներ: «Մյուս կողմից` մենք գիտենք` Ադրբեջանը ինչ դիրքորոշում ունի»,- հայտարարեց նա:

Նավասարդյանն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «25 տարվա մեջ առաջին անգամ հասցեագրված ասվեց, որ Ադրբեջանն է առաջինը խախտել զինադադարի ռեժիմը` հրթիռային գնդակոծում իրականացնելով»,- ասաց նա:

Ըստ Նավասարդյանի` սա պատահական չէր: Նրա խոսքով` Եվրոպան նեղացած է Ադրբեջանից, և սա պատասխանն էր Ադրբեջանի այն քայլին, որ, ըստ երևույթին, նա փակել տվեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակը:

«Մեզ համար կարևոր էր նաև այն, որ, բացի այս հայտարարությունից, Ռուսաստանն առանձին հայտարարություն արեց, որը բավական կոշտ էր: Ռուսաստանը, այդ քայլին գնալով, Ադրբեջանին հասկացնել տվեց, որ կարմիր գծի սահմաններ կան»,- ասաց նա, ապա հավելեց, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, Ռուսաստանն իրեն պետք է մեղավոր զգա:

«Եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանն իրեն պետք է մեղավոր զգա, քանի որ հսկայաքանակ զենք է մատակարարում Ադրբեջանին, և կստացվի, որ դա կլինի  պատերազմական գործողությունների վերսկսման պատճառը: Ճիշտ է, հիմա մեր զինվորները զոհվում են, միշտ այդ կրակոցները լինում են, բայց ես չեմ կարծում, որ լայնամասշտաբ գործողություններ կսկսվեն: Կողմերը պետք է գան համաձայնության»,- ասաց Նավասարդյանը, ապա հավելեց. «Հղում եմ կատարում նախագահին` բացարձակ չի կարող զիջումների մասին խոսք լինել, փոխզիջում կարող է լինել, բայց նայած` ինչի դիմաց: Եթե այդ հողերը հանձնվեն, դա կլինի ինքնասպանության նման մի բան»: