կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-15 14:29
Քաղաքական

Բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու նախադրյալներ կան. Արման Նավասարդյան

Բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու նախադրյալներ կան. Արման Նավասարդյան

Փաշինյան-Պուտին հանդիպումը հաջող էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հնչեցրեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով` բացառիկ երևույթ էր նաև Սոչիի հայ համայնքի կողմից Փաշինյանի ընդունելությունը: «Ամենավառ երևակայություն ունեցող մարդը չէր կարող նման բան պատկերացնել: Երկրում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում ոչ միայն զարթոնք ապրեց Հայաստանը, այլև, որպես քաղաքական ֆիգուր, հանդես եկավ Սփյուռքի կարևորագույն գաղթօջախներից մեկը»,- ասաց Նավասարդյանը:

Դիվանագետի խոսքով` Սոչիի հայ համայնքը շատ լուրջ համայնք է, և Փաշինյանի` ներգաղթելու կոչը կարելի է միայն ողջունել: Սակայն, ըստ նրա, նման ուղերձը մի փոքր կարող է վախեցնել ռուսական վերնախավին, քանի որ Ռուսաստանի հայկական էլիտան բավական լուրջ դեր ունի Ռուսաստանի կյանքում, և գայ համայնքը դրական առումներով տարբերվում է մյուս բոլոր համայնքներից:

Միջազգային քաղաքականության տեսանկյունից դիտարկելով Հայաստանում կատարված իրադարձությունները` Արման Նավասարդյանը նշեց, որ նման փոփոխությունները հանգեցնում են թե’ դրական, թե’ բացասական հետևանքների:

«Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության գիծը մնում է նույնը. «և, և»-ի քաղաքականությունը պետք է շարունակվի, և դա շատ լավ է»,- նշեց նա` միաժամանակ ողջունելով երկրի նոր ղեկավարի` հայաստանակենտրոն դիրքերից հանդես գալու քաղաքականությունը:

Դիվանագետի կարծիքով` այն, ինչ կատարվեց «էքստրաօրդինար քաղաքական երևույթ էր», որը, ըստ նրա, պետք է անպայման իր հետ նկատելի դիվիդենդներ բերի, եթե, իհարկե, մենք կարողանանք ճկունորեն օգտվել դրանից: «Եթե հեղափոխությունն առաջ չընթանա և չնվաճի այն բարձունքները, որոնք դրված են այն իրագործողների առջև, մենք հաջողության չենք հասնի»,- ասաց նա:

Նավասարդյանի խոսքով` լավ նախադրյալներ կան Արցախյան խնդրով բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու համար: Ըստ նրա` հարմար պահ է միջազգային ասպարեզում Հայաստանի ձեռք բերած վարկանիշն Արցախյան խնդրի առաջ քաշման համար օգտագործելու համար, սակայն դժվար թե Արցախի` միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելու առումով լուրջ առաջընթաց լինի:

Նավասարդյանի կարծիքով` այս փուլում կարևորն ագրեսիան բացառելն է: «Ներկա իրավիճակում Ադրբեջանը սահմանին լուրջ լարվածություն չի ստեղծում, քանի որ Մոսկվան զսպել է, հակառակ դեպքում նրանք անպայման կօգտվեին իրավիճակից»,- ասաց նա: Ըստ բանախոսի` աշխարհաքաղաքական ներկայիս իրադրության պայմաններում Ռուսաստանին ևս ձեռնտու չէ Արցախյան ճակատում լարվածության աճը: