կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-20 19:50
Առանց Կատեգորիա

«Հողեր հանձնելու» պրիմիտիվիզմից դուրս

«Հողեր հանձնելու» պրիմիտիվիզմից դուրս

Նոր ԱԺ անդրանիկ նիստի բացմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ԼՂ հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հատվածը հանրային ռեզոնանսների տեղիք տվեց: Իրականում քննարկման առարկան ոչ թե նախագահի ուղերձների և պարզաբանումների ենթատեքստերն էին, այլ կայքերից մեկի կողմից ելույթում հնչած մտքերի պրիմիտիվ և պրովոկացիոն աղավաղումները և դրանցից արված շաբլոնային մանիպուլյացիոն հետևությունը, թե Սերժ Սարգսյանը Արցախի մաս կազմող՝ նախկին ԼՂԻՄ-ին հարակից յոթ շրջանններից առնվազն հինգը հանձնում է թվացյալ խաղաղության և Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց:

Զարմանալի չէր, որ շահարկումների դրոշակակրի դերը ստանձնեցին իրենց այսպես կոչված «հակաոչմիթիզհողականներ» հռչակածները՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները՝ փորձելով այդ աղավաղումները դարձնել տերպետրոսյանական «խաղաղասիրությունն» արդարացնելու միջոց: Նրանք, չզլացան ձեռքի հետ նաև մեղադրանքներ հնչեցնել ՀՅԴ հասցեին, թե վերջինս լուռ, հարմարվողականություն է դրսևորում «հողեր տալու» այդ կոնցեպցիայի հանդեպ:

Մի կողմ թողնելով նման մակերեսային ընկալումները՝ փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ էր այդ ելույթով փորձում ասել Սերժ Սարգսյանը: Նախագահն ըստ էության երեք հիմնական միտք զարգացրեց: Առաջին՝ Հայաստանն առաջնորդվում է նրանով, որ 2011թ. Կազանում հայկական և ադրբեջանական կողմերի ստորագրմանը ներկայացված կարգավորման կոնցեպցիան, որը հենց ստորագրման պահին մերժել էր Բաքուն, և որը ստացել է «կազանյան փաստաթուղթ» պայմանական անունը, ոչ միայն շարունակում է մնալ օրակարգում, այլև հայկական կողմի համար մնում է բանակցությունները շարունակելու միակ ընդունելի տարբերակը:

«Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»,-ասաց նախագահը։

 Երկրորդ՝ առկա ստատուս-քվոն այլընտրանք չունի, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել արցախցիների ինքնորոշման իրավունքը: Եթե ավելի պարզ՝ նախագահն անուղակիորեն պնդում է, որ այո, հայկական կողմն առաջնորդվելու է ստատուս-քվոն պահպանելու սկզբունքով այնքան, որքան դա անհրաժեշտ կլինի:

«Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: ...Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը... Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում։Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց և պատրաստ ենք ու այսուհետ ևս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով»։

Եվ երրորդ, որը կարելի է համարել ամենաառանցքայինը, Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարեց, որ հայկական կողմի նպատակը ոչ թե պարզապես ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա մեխանիզմը հիմնարար փաստաթղթում ամրագրելն է, ինչն արդեն տեղ է գտել կազանյան փաստաղթղում, ինքնորոշումը նախկին «համաժողովրդական պլեբիսցիդ»-ի փոխարեն միջազգայնորեն ընդունելի և իրավական ուժ ունեցող հանրավքեովապահովելու սկզբունքի տեսքով, այլև այդ իրավունքի իրացման ամրագրումը:

«Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի: Հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել ԼՂ անկախությունը»,-նշում է Սերժ Սարգսյանը։

Այն, որ կազանյան փաստաթուղթը և առհասարակ մադրիդյան սկզբունքները կարգավորման ամենահարմար լուծումները չեն տալիս, ակնհայտ է: Այդ փաստաթղթի ամենամեծ թերությունն այն է, որ կառուցված է «միջանկյալ կարգավիճակ՝ տարածքների դիմաց» կոնցեպցիայի վրա, ինչը Սերժ Սարգսյանը բաց տեքստով խոստովանել է անցած տարվա ապրիլի 26-ին «Bloomberg»-ին տված հարցազրույցում: Դրա պարագայում գործնական որևէ նշանակություն, որևէ էական տարբերություն չունի.որպես իրացման մեխանիզմ ընտրվում է պլեբիսցի՞դը, թե՞ հանրաքվեն, որովհետև միևնույնն է՝ դրանք կենսագործվելու շանս չունեն:

Բայց նախագահի վերջին հարցազրույցում արտահայտված դիրքորոշումը, թե հայկական կողմի ներկայիս նպատակը բանակցվող փաստաթղթում հենց հանրաքվեի անցկացման դրույթի ամրագրումն է, թույլ է տալիս ենթադրել, որ իրականում «կազանյան փաստաթղթից» կառչելը պարզապես ադրբեջանի դիվանագիտական փակուղայնությունն օգտագործելով հանրաքվեի անցկացման պայմանների, սահմանների, մասնակիցների և ամենակարևորը՝ ժամկետների հարցում կոնկրետություն մտցնելն է։ Որքան Բաքուն շարունակում է իր պատերազմի շանտաժային քաղաքականությունը, այնքան ակամա նպաստում է, որպես ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման երաշխիքներ, այդ կոնկրետացումներն անելու հարցում միջազգային հանրության մոտ համոզմունքների ձևավորմանը, այնքան ձգում է ստատուս քվոն:

 Իրականում նախագահի ելույթի այս հատվածը ուղերձ էր ոչ այքան ներքին լսարանին, որքան առաջին հերթին Ռուսաստանին և Ադրբեջանին: Գրեթե բացահայտ ասվեց հայկական կողմի նոր պահանջների մասին և փաստացի հայտարարվեց, որ Երևանը հրաժարվել ու հրաժարվելու է քննարկել «կազանյանից» հետո շրջանառության մեջ դրված որևէ նոր գաղափար կամ «լավրովյան» պլան, եթե դրանում հանրաքվեի անցկացման դետալները չեն լինելու:

Այն, որ խնդիրը «հողեր հանձնելու» պարզունակ դաշտում չէ, վկայում է նաև նախագահի ելույթում տնտեսական քաղաքականությանը և պլանավորմանը վերաբերող մասում արած հետևյալ ոչ երկիմաստ ընդգծումը. «Տնտեսական ծրագրերը մշակելիս՝ այս խնդիրների վերաբերյալ մեր կանխատեսումներն անհրաժեշտ է իրականացնել պահպանողական սցենարով, այսինքն` հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկու հարևանների հետ մեր հարաբերությունները բարելավման միտում չունեն»: Ասել է թե ԼՂ կարգավորման հարցում չի իշխանությունը չի առաջնորդվում շուտափույթ, խուճապային լուծումների տրամաբանությամբ: Իսկ դա «հողեր հանձնելու» հետ ոչ մի առնչություն չունի:

Ըստ ամենայնի, հենց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն,  թե՛ բանացկային գործըթնացը և թե՛ «կազանյան փաստաթուղթը» գնահատելով,  որպես ԼՂ փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիվանագիտական գործիքներ: Ահա թե ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն հուշագրում ամրագրվել կարճ, սակայն ամեն ինչ ասող հետևյալ ռազմավարական նպատակը. «Երաշխավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը»: Այլ իրականություն, քան Արցախի Հանրապետության գոյությունն է, ՀՅԴ-ի համար չկա: 

 
Գևորգ Դարբինյան