Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմնակիցները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել մի խումբ հայերի, հույների, եզդիների և քրդերի, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ: Հարձակման հետևանքով 9 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, ըստ որոշ տեղեկությունների՝ 2 հոգի ձերբակալվել էր:
Ցույցը, որը կազմակերպել էին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի հունական խորհուրդը, քրդական և ասորական որոշ կազմակերպություններ, կրում էր խաղաղ բնույթ, կազմակերպվել էր Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի համատեքստում և հետապնդում էր մի կողմից Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման վրա ամերիկյան իշխանությունների և Սպիտակ Տան ուշադրությունը հրավիրելու, մյուս կողմից Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը փոխելու պահանջները բարձրաձայնելու նպատակով:
Այս հարձակումը նման ակցիաների ժամանակ հաճախակի տեղի ունեցող շահառու տարբեր կողմերի միջև բախումների սովորական դեպք չէր, քանի որ հարձակվողները միայն պրոէրդողանական շարքային թուրք ազգայնականներ չէին: Ըստ թուրքական demokrathaber կայքի՝ ցուցարարների վրա հարձակվածների մեջ եղել են նաև Թուրքիայի նախագահի եւ նրա պատվիրակության այլ անդամների թիկնապահներ: Դա փաստում է նաև երկու հավելյալ հանգամանք: Նախ՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից սոցիալական ցանցերով տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ հարձակվողների մեջ առանձնահատուկ դաժանությամբ աչքի էին ընկնում ատլետիկ կազմվածքով, ըստ ամենայնի՝ հատուկ պատրաստություն անցած և պաշտոնական հագուստներով անձինք: Որակներ, որոնք բնորոշ են հենց թիկնազորի նեկայացուցիչներին: Երկրորդ՝ խիստ զարմանալի է ընդամենը երկու հոգու ձերբակալման հանգամանքն այն դեպքում, երբ տեսանյութից ակնհատ երևում է, որ հարձակվողներն անհամեմատ ավելի շատ էին: Այնքան շատ, որ միջամտած ոստիկանական ուժերը չէին կարողանում զսպել մարդկային դեմքը կորցրած այդ խառնամբոխին: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ նրանց մի մասին ոստիկանությունը պարզապես իրավունք չի ունեցել բերման ենթարկելու, այսինքն այդ մարդիկ հավանաբար ունեցել են անձեռնմխելիություն:
Սա առաջին անգամը չէ, որ հատկապես նախագահ Էրդողանի թիկնապահները իրենց պահում են ամենավերջին խուլիգանների նման՝ շահագործելով հենց դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված լինելու հանգամանքը: 2015թ. Էրդողանի՝ Բելգիա կատարած պաշտոնական այցի ժամանակ նրա թիկնապահները ծեծկռտուք էին սարքել այդ երկրի պաշտոնական այցելուներ ընդունող VIP թիկնապահների հետ: 2016թ. ապրիլին կրկին Վաշինգտոնում Բրուքինգի ինստիտուտի դիմաց Էրդողանի թիկնապահները վիրավորանքներ էին հասցրել և ֆիզիկական բռնություն գործադրել մի խումբ ցուցարարների նկատմամբ այն պահին, երբ Էրդողանը ելույթ էր ունենում այդ իսնտիտուտում: Իսկ հեռավոր 2011թ. Էրդողանի թիկնապահները Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում ծեծել էին ՄԱԿ-ի անվտանգության ծառայության աշխատակիցներին, ովքեր անվտանգության նկատառումներով փակել էին Էրդողանի՝ դեպի նիստերի դահլիճ տանող այլընտրանքային չնախատեսված ճանապարհը: Ի դեպ ուշագրավն այն է, որ այդ միջադեպից հետո էրդողանի թիկնապահները ոչ միայն որևէ պատժի չենթարկվեցին, այլև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պան Գի Մունը Էրդողանից ներողություն խնդրելուց հետո աշխատանքից ազատեց անվտանգության ծառայության աշխատակիցներին:
Ընդհանրապես դժվար է հիշել Էրդողանի որևէ արտերկրյա այց, որի ժամանակ նրա թիկնապահները մի որևէ մեծ կամ փոքր սկանդալի մեջ հայտնված չլինեն: Սակայն անգամ վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ նրանք իրենց առանձնահատուկ ազատ և անկաշկանդ են զգում հենց ԱՄՆ-ում: Այստեղ նրանք իրենց զգում են լիովին անպատժելի, ինչ-որ իմաստով պաշտպանված, ինչի արդյունքում յուրաքանչյուր նոր առիթի ստեղծման ժամանակ աստիճանաբար դառնում են ավելի անսանձելի՝ բացահայտելով պաշտոնական հագուկապի տակ թաքնված իրենց իրական բնույթը՝ լկտիությունը, վայրենությունը, տգիտությունն ու ֆաշիզմը:
Ըստ էության, վայրենիները Վաշինգտոնում ԱՄՆ քաղաքացիների հետ հարաբերություններում իրենց զգում են այնպես, ինչպես Թուրքիայում՝ էրդողանական դիկտատուրայի ճիրաններում հեծող սեփական քաղաքացիների և նրանց իրավունքների ու ազատությունների հետ: Լկտիությունն այն աստիճանի է հասել, որ էրդողանի «շներն» իրենց թույլ են տալիս բռնություն կիրառել փաստորեն ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ մի իրավիճակում, որը բացարձակապես որևէ կապ չունի ոչ իրենց ուղղակի պարտականությունների և ոչ էլ իրենց պաշտպանյալի անվտանգության հետ: «Թուրքիան փորձում է իր անհանդուրժողականությունը փոխադրել Միացյալ Նահանգներ»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ինչո՞վ է պայմանավորվում թուրք ելուզակների այս շարունակվող դեբոշների նկատմամբ ամերիկյան իրավապահների հանդուրժողականությունը, դրանց նկատմամբ լոյալություն դրսևորելու ԱՄՆ իշխանությունների պահվածքը: Մինչև հիմա, չնայած նման իրավիճակների պարբերական բնույթ կրելուն, պաշտոնական կամ կիսապաշտոնական մակարդակով Վաշինգտոնից որևէ կերպ ահաբեկչական նման ակտերին գոնե քաղաքական կամ բարոյական գնահատական, դատապարտման խոսք չի հնչել, որը կարող էր զսպող հանգամանք լինել և կանխել հետագայում նմանատիպ նոր միջադեպերի առաջացումը:
Խնդիրը տվյալ դեպքում ցուցարարների ազգային-էթնիկական պատկանելությունը չէ, ոչ էլ Թուրքիայի նկատմամբ նրանց վերաբերմունքը: Խնդիրն այն է, որ էրդողանական անպատիժ ելուզակի թիրախում հենց ԱՄՆ մայրաքաղաքում, հայտնվում են ամերիկացի քաղաքացիները, որոնց այլ երկրի ինչ-որ ստահակներ ուղաղկի խանգարում են իրացնել իրենց քաղաքացիական իրավունքները: Եթե «ժողովրդավարության հոր» բարձր դիրքերից հանդես եկող երկրում սեփական քաղաքացիներին և մարդու իրավունքները պաշտպանել չեն կարողանում, ապա քանի՞ գրոշ արժեն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության մասին Վաշինգտոնից հնչող կոչերը՝ ընդ որում ուղղված ոչ միայն Թուրքիային: Թեև մյուս կոմղից ինչո՞ւ պետք է զարմանալ ու տարակուսել նման հանդուրժողականությունից, եթե ԱՄՆ նախագահը կարող է իրեն թույլ տալ երկիրը տոտալիտարիզմ տանող խայտառակ խախտումներով անցած հանրաքվեի կապակցությամբ շնորհավորել սուլթանի վերածվող Էրդողանին... Ինչպես ասում են՝ շովինիզմը հայրենիք չունի:
Գևորգ Դարբինյան