կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-16 13:10
Քաղաքական

Այդքան հրեշտակային երևալ պետք չէ. Լեռնիկ Ալեքսանյանը` «Ելք»-ի մասին

Այդքան հրեշտակային երևալ պետք չէ. Լեռնիկ Ալեքսանյանը` «Ելք»-ի մասին

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն արտացոլում են այն պատկերը, ինչ տեղի է ունեցել քվեախցում. այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» դաշինքից պատգավոր ընտրված Մանե Թանդիլյանը: Նա նշեց, որ վտանգավոր գործընթաց է, երբ ընտրությունները զուգորդվում են ընտրակաշառքներով:

«Ընտրակաշառքի դեմ շատ խոր պայքար պետք է տարվի, մեխանիզմներ մշակվեն:«Ելք»-ի զգալի մասնակցություն կա թե՛ ԱԺ-ում, թե' ավագանիում, մենք կփորձենք ամեն ինչ անել այդ արատավոր երևույթի դեմ պայքարելու համար»,- ասաց Թանդիլյանը, ապա հավելեց, որ ՀՀԿ-ն ունի ոստիկանության լուռ սատարումը ընտրակաշառքի բաժանման պրոցեսում:

Հանդիպմանը ներկա քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի կարծիքով էլ` հայ ժողովուրդը հաղթեց, քանի որ 30% ընդդիմություն կա ավագանիում: «Դա հրաշալի արդյունք է, Եվրասիական միությունում այս անազատությունների պայմաններում հրաշալի արդյունքներ ունենք: «Ելք»-ին շնորհավորում եմ, որ դարձավ մուտք՝ մուտք խորհրդարան և ավագանի»,- հայտարարեց նա:

Արշակյանը հավելեց, որ եթե Փոստանջյանը մանդատները վերցնի, շատ հետաքրքիր կլինեն ավագանու նիստերը:

Ըստ նրա՝ արագիլը բերեց ավագանու ընտրություններին «Ելք»-ի երկրորդ տեղը: Բայց թե ո՞վ է արագիլը, Արշակյանը չասաց, լրագրողների պնդմանն արձագանքեց. «Գուցե նախագահը, չգիտեմ»:

Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանն էլ կարևորեց այն փաստը, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, հիմա միայն խոսվում է ընտրակաշառքի մասին: Ըստ նրա՝ մնացած արատավոր երևույթները կարծես չկան:

«Ընտրակաշառքը չարիք է, որի արմատները պետք է որոնել ու գտնել: Դա մեր հասարակության հիվանդությունն է: Իննսունական թվականներից նյութապաշտություն է, այդ հիվանդությունը պետք է բուժվի»,- հայտարարեց Ալեքսանյանը` միաժամանակ նշելով, որ այդ արատավոր երևույթի մեջ մեղավոր են թե' իշխանությունները, թե' ընդդիմությունը և թե' ժողովուրդը:

Նրա պնդմամբ` ավագանու ընտրություններում իրենք կարիք չունեին ընտրակաշառք բաժանելու, իսկ այդ մի քանի դեպքերը, որ գրանցվել են, չպետք է վերագրել ամբողջ կուսակցությանը:

Ալեքսանյանի այս դիտարկումից հետո վիճաբանություն ծագեց նրա և «Ելք» դաշինքից պատգամավոր Թանդիլյանի միջև: «Դուք ինձ ստիպում եք «Ելք»-ի մասին այնպիսի բաներ ասել, որը ես չեմ ցանկանում: Շատ լավ ճանաչում ենք «Ելք»-ի մարդկանց: Այդքան հրեշտակային երևալ պետք չէ: Դուք վերևից եք իջել, մենք էլ… Անհատների արածը չպետք է վերագրել կուսակցությանը»,- ասաց Ալեքսանյանը: