կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-27 13:45
Իրավական

Այդ մատի վրա շատ եք կենտրոնանում․ Մուկուչյանն ու Զուրաբյանը վիճեցին

Այդ մատի վրա շատ եք կենտրոնանում․ Մուկուչյանն ու Զուրաբյանը վիճեցին

ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի և Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի միջև հարցուպատասխանը։ Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է` ՍԴ-ում քննվում է Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի` 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած` Ազգային ժողովի ընտրությունների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը:

ԿԸՀ նախագահը, անդրադառնալով ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում գործադրված տեխնիկական սարքավորումների խափանման վերաբերյալ հարցին, ասաց. «Շատ բնական է, որ երբ 4000 սարքավորումներ միաժամանակյա կիրառվում են հանրապետության ամբողջ տարածքում, կարող էին և խափանման դեպքեր առաջանալ, սակայն եթե նույնիսկ այդ բոլորը գումարում ենք, ապա սարքերի պարագայում հիանալի արդյունք ենք ստանում։ Այսինքն` լիարժեք ծավալով տեխնիկական սարքերն աշխատել են, և դա, ընտրության տեսանկյունից, ոչ մի նշանակություն չի կարող ունենալ, որովհետև դրանց խափանման դեպքերում օրենսգիրքը դրույթներ է սահմանել, թե ինչպես պետք է գործի հանձնաժողովը»։

Մուկուչյանի և Եգորյանի հարցուպատասխանը շուրջ երեք ժամ տևեց։ Ի պատասխան Եգորյանի երկարաշունչ հարցերի՝ Մուկուչյանը կարճ պատասխաններ էր հնչեցնում, ինչն էլ առիթ էր տալիս, որ փաստաբանն իր հարցերն այլ կերպ ձևակերպի։ Եգորյանի շարադրած հարցերից մեկն այնքան երկար էր, որ Մուկուչյանն այն մոռացավ: «Այդ դեպքում ասեք՝ որքա՞ն տևողությամբ հարցեր տամ, որ չմոռանաք»,- հետաքրքրվեց Եգորյանը: «7 րոպե»,- արձագանքեց Մուկուչյանը։

Եգորյանի մեկ այլ հարցի վերաբերյալ, որն առնչվում էր դպրոցի տնօրենների ձայնագրությանը, Մուկուչյանը պատասխանեց, թե ինքն այդ հարցին արդեն պատասխանել է: «Իմ պատասխանը՝ կետ, չակերտները բաց` ես այս հարցին պատասխանել եմ, չակերտները փակ, վերջակետ»,- հեգնեց նա:

Այնուհետև Զուրաբյանի ու Մուկուչյանի միջև «մատով խոսելու» շուրջ կոնֆլիկտ առաջացավ: «Ձեր ենթագիտակցական մակարդա՞կն է այդքան»,- դիմելով Զուրաբյանին` ասաց Մուկուչյանը: «Չէ, Դուք այդ մատի վրա շատ եք կենտրոնանում»,- արձագանքեց Լևոն Զուրաբյանը:

Գագիկ Հարությունյանը կողմերին կոչ արեց ժամանակը ռացիոնալ օգտագործել: «Արդեն երկուսուկես ժամ է՝ հիմնական մասը ծախսել ենք առանձին մասերի ճշգրտման վրա, անգամ առաջարկ կա, որ սահմանափակենք հարցերի ժամանակը»,- ասաց նա։

Ապա ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը միջնորդեց քննության առնել հարցուպատասխանի տևողությունը սահմանափակելու հարցը, քանի որ, ըստ նրա, այս գործը քննելու համար ՍԴ-ն սահմանափակ ժամանակ ունի։ Այս պահին ՍԴ նիստն ընդմիջվել է։