Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է պետությունը Հայրենիքին հակադրելու կեղծ և քայքայիչ քարոզը, ինչը զարմանալի չէ: Անգրագետ և ֆեյք հիմնավորումները «պետականակենտրոն» նոր գաղափարախոսություն ստեղծելու փորձեր են, որոնց շարժառիթը շատ պարզ է. հազարամյակների պատմություն ունեցող Հայոց ինքնության մեջ նա տեղ չունի, ուստի բոլոր ջանքերը գործադրելու է սեփական հագով գաղափարական հիմք կարելու և հայ ժողովրդին դրա մեջ զոռով ճխտելու ուղղությամբ:
Հիշում եք, որ Նիկոլի խոստովանությամբ նրանք չունեին «իզմ»-եր, չունեին արժեհամակարգ, և ահա ազգային պետությունը տապալելուց հետո նա փորձում է սինթեզել այդպիսի մի համակարգ, որով հիմնավորի իշխանության ղեկին սոսնձվելու սեփական տենչանքը: Այս ռազմավարության մի մաս է, օրինակ, ՔՊ-ի ակտիվացած ներկուսակցական գործունեությունը և զավեշտի հասնող «ձմեռային լսումները» ՔՊ գրասենյակում:
Անտեսելով դասագրքային ճշմարտությունները, որ պետությունը նախևառաջ Հայրենիքի պաշտպանության գերագույն կազմակերպչական ձևն է, Նիկոլը նախաձեռնել է Հայրենիքի ոչնչացման բազմաքայլ օպերացիա, և այդ օպերացիայի մի մասն է, օրինակ, նոր Սահմանադրություն ունենալու նախաձեռնությունը: Նոր Սահմանադրությամբ Փաշինյանն ուզում է կտրել պետությունը Հայրենիքին կապող պորտալարը:
Նիկոլը զավթել է պետությունը Հայրենիքը թշնամուն հանձնելու շնորհիվ: Նրա պատկերացմամբ՝ պետությունն իրենն է, իսկ Հայրենիքը՝ թյուրքերինը: «Հայրենիքը տանք, որ պետությունում հանգիստ ապրենք». սա է նիկոլական քարոզչական հիմնական թեզը, որով նա փորձում է քողարկել հայ ժողովրդին ուղղված երեք մատի կոմբինացիան:
Սակայն իրականում Փաշինյանը նաև այստեղ է ստում: Նա չի սիրում պետությունը, նա իշխանություն է սիրում, իսկ սա խիստ տարբեր երևույթ է: Նա համաձայն է ցանկացած տիպի իշխանության, ուստի իր պատկերացրած մոդելում Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ, օրինակ, կոլխոզ, ինչ է թե՝ ինքը լինի կոլխոզի նախագահ: Կամ գիշերային ակումբ, կարևորը՝ ինքը լինի դրա տնօրենը:
Իսկ Հայրենիքը նրան պետք չէ, քանզի Հայրենիքում չկա իշխանություն, փող, պաշտոն, տենդեր, օխրանա: Հայրենիքին պիտի տաս սեր, տաղանդ, քրտինք, կյանք, իսկ պետությունից կարող ես վերցնել, պոկել, քերել, լափել: Նա պետությունը փորձում է իրենով անել, բայց Հայրենիքը սեփականացնել չի կարող, ուստի որոշել է վերացնել Հայրենիքը:
Ի դեպ, կիսագրագետ Փաշինյանի ջանքերը՝ հանդես գալ որպես գաղափարաբան, մտածող (անգլ.՝ thinker) ևս մեկ ապացույց են, որ նա սրընթաց ընկնում է ավտորիտարիզմի գիրկը: Քաղաքականությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ավտորիտար կառավարիչները փորձել են ներկայանալ ազգի առաջնորդներ և իրենց ժողովուրդների համար նոր էության ստեղծողներ: Ամենահայտնի օրինակներից են Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Հյուսիսային Կորեան և այլն: Եվ ահա հիմա՝ նաև Հայաստանը:
Վերջերս կառավարական նիստերից մեկի ընթացքում Նիկոլը բողոքում էր, որ «փող ունեն, բայց բախտ չունեն»: Իրականում Փաշինյանը փոքր հարցերում խելք չունի, իսկ մեծ հարցերում՝ խիղճ:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուրաբարաշեն» ՔԿՀ
29.01.2024թ.