կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-23 14:47
Իրավական

Դատարանն ամեն անգամ կենտրոնանում է Շիրխանյանի չկանգնելու վրա. փաստաբանները դժգոհեցին

Հայտնել ենք, որ 2015 թ. նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական սանկցիա էր կիրառել և երեք ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել այս գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Դատավորի հիշյալ որոշումից հետո Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հեռացել էր նիստերի դահլիճից, քանի որ իր պաշտպանյալը խնդրել էր, առանց իր ներկայության չմասնակցել դատավարությանը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը փաստաբանի վարքագիծը ևս դատարանի նկատմամբ որպես անհարգալից վերաբերմունք որակեց և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու համար որոշում կայացրեց փաստաբան Հայկ Ալումյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ համապատասխան դիմում ուղարկել Փաստաբանների պալատ:

Դատավորի հիշյալ որոշումն առաջացրեց դահլիճում ներկա պաշտպանների դժգոհությունը: Փաստաբանների խոսքով՝ նախկինում տարբեր այլ դատական նիստերի ընթացքում այլ դատավորներ, հաշվի առնելով ամբաստանյալի տարիքը կամ վիճակը, չեն պահանջել նրանից` ոտքի կանգնել, իսկ Շիրխանյանի պարագայում, երբ առկա է փորձաքննության եզրակացություն, համաձայն որի` Շիրխանյանն անգամ ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի, և նրան դահլիճ բերում են կա'մ սայլակով, կա'մ աթոռի վրա, կարելի է և թույլ տալ նրան ոտքի չկանգնել:

Այս գործով պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը նշեց, որ դատարանը կենտրոնանում է պարոն Շիրխանյանի չկանգնելու վրա, և այդ կերպ դատական նիստերը մտնում են փակուղի: Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն էլ ասաց, որ պաշտպանն առաջին հերթին պետք է ղեկավարվի իր պաշտպանյալի շահերով։ «Պարոն Ալումյանը հեռանալիս ասաց, որ իր պաշտպանյալն ասել է, որ չմասնակցի առանց իր ներկայության»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որևէ խախտում թույլ չի տրվել։

Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ ասաց, թե դատարանը նման միջնորդություն չի ունեցել։ Ինեսա Պետրոսյանն էլ ավելացրեց, որ իրենք տեսնում են՝ ուղեկցող դասակը դժվարությամբ է Վահան Շիրխանյանին դատարան ներկայացնում։

«Դա ակնհայտ է բոլորիս համար, կարծում եմ՝ դատարանի համար նույնպես պետք է ակնհայտ լիներ։ Այդ նկատառումներից ելնելով՝ դատարանը պետք է թույլ տար, բայց դատարանն ամեն անգամ կենտրոնանում է պարոն Շիրխանյանի չկանգնելու վրա, և այդ կերպ ստացվում է, որ դատական նիստերը փակուղի են մտնում»,- ասաց Պետրոսյանը։

Մեղադրողն էլ ասաց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ըստ էության, արձանագրվել է, որ դատական նիստերին մասնակցելու հետ կապված որևէ խոչընդոտ չկա: «Եթե որևէ խոչընդոտ լիներ, այդ եզրակացության մեջ արձանագրված կլիներ, որ կարող է մասնակցել, բայց` այս վիճակով, կարող է մասնակցել, բայց տեղափոխման հետ կապված որոշակի բարդություններ կան։ Դատաբժշկական փորձաքննությամբ որևէ բան արձանագրված չէ։ Մնացած հետևությունները կամայական հետևություններ են, չեն բխում գործով առկա որևէ փաստական տվյալից»,- նշեց նա։

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: