կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-14 19:48
Առանց Կատեգորիա

Քաղաքացու «հոգեհանգիստը». ինչի՞ մասին է ճչում «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունը

Քաղաքացու «հոգեհանգիստը». ինչի՞ մասին է ճչում «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունը

«ՍԱՍ» ընկերությունում նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրությունը հերթական հուզումներն է առաջացրել սոցիալական ցանցերում: Մինչդեռ դրանում ոչ մի արտառոց բան չկա. նման ֆորմալ ու ոչ ֆորմալ ժողովներ ընտրություններից առաջ անցկացվել են օլիգարխ թեկնածուներին պատկանող բոլոր օբյեկտներում: Արդյունքը, որ ռեյտինգային օլիգարխ պատգամավորներն ունեցան ընտրություններում, մեծ մասամբ հենց նման ժողովների հետևանքն է: Բայց այս ձայնագրությանն առանց էմոցիաների մոտենալը որոշ տխուր դիտարկումների տեղիք է տալիս:

Նախ՝ ինչո՞ւ այն համացանց նետվեց ոչ թե այն ժամանակ, երբ կարող էր ազդել կոնկրետ «ՍԱՍ» ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանի ընտրարշավի վրա, այլ միայն ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո: Ձայնագրության հրապարակումից հետո այդ ընկերությունում «դավաճանի» բացահայտման «ուրվականների որս» կսկսվի: Սակայն դրա հրապարակման համար ընտրված պահը հուշում է, որ այն ավելի շատ կոմպրոմատային է և ունի հետընտրական նպատակներ: Սա տեղի է ունենում մանդատների բաժանման համատեքստում. պարզապես ինչ-որ մեկը չի ցանկանում, որ Արտակ Սարգսյանը հայտնվի խորհրդարանում: Գուցե հույսն այն է, որ հանրային անխուսափելի պարսավանքի ազդեցությամբ նա պարզապես ինքնակամ կհրաժարվի մանդատից: Սրանից ներթիմային խարդավանքների հոտ է գալիս:

Երկրորդ՝ այս ձայնագրությունը տարբերվում է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների՝ ընտրողների հավաքագրման մասին ձայնագրություններից: Նախ՝ նախորդն ուներ հրապարակման կոնկրետ աղբյուր, որի նկատմամբ իրավական հետապնդումներ են սկսվում: Այս դեպքում ամեն ինչ առաջին հայացքից անորոշ է: Երկրորդ՝ այնտեղ շեշտը դրված էր ընտրողների ցուցակագրման երևույթի վրա, իսկ այս դեպքում՝ ցուցակագրման փաստացի ահաբեկման մեթոդաբանության. աշխատակիցներին պարտադրվել է անել գործողություններ, որոնք բացարձակապես կապված չեն նրանց աշխատանքային պարտականությունների և, վստահաբար, նաև աշխատանքային պայմանագրերի հետ: Մարդկանց բացահայտ սպառնում են աշխատանքից հեռացնել՝ ընկերության սեփականատիրոջ օգտին «ընտրաորս» չիրականացնելու կամ անբավարար չափով իրականացնելու համար: Սա ոչ մի դեպքում հնարավոր չէ որակել թեկնածուի նախընտրական շտաբին աշխատակցում, ինչպես մեկնաբանվեց տնօրենների կողմից իրականացված ցուցակագրումը: Առերևույթ սրա մեջ կա հանցակազմ և դրա մասին է խոսում այն իրողությունը, որ դատախազությունը հայտարարել է ձայնագրությունն ուսումնասիրության առնելու մասին: Սակայն հարց է առաջանում՝ եթե չկա, այսպես կոչված, «տուժողը», և եթե պոտենցիալ տուժողները ծափահարում են իրենց վիրավորելու, հրապարակավ պարսավելու, մարդկային ու քաղաքացիական արժանապատվությունը ցեխին հավասարեցնելու` «վերակացուի» անբռնազբոս պահվածքն ու հանդիմանությունները, ապա ինչքանո՞վ կարելի է հուսալ, որ կլինեն բացահայտումներ, և աշխատակիցների նկատմամբ նման ճորտային վերաբերմունք դրսևորողները կպատժվեն:  Ավելի հավանական է թվում, որ այս գործն ինչ-որ արդյունք կունենա միայն այն դեպքում, եթե հասցեատերը՝ Արտակ Սարգսյանը, չհասկանա ձայնագրությամբ իրեն հղված ուղերձները:  

Երրորդ՝ այս ձայնագրությունը ցույց է տալիս, թե ինչպես են աշխատել օլիգարխ ռեյտինգային թեկնածուների նախընտրական շտաբները, և ինչ մեթոդներ են կիրառվել ընտրողների «հավաքագրման» ուղղությամբ: Այս դեպքում խնդիրը աշխատակիցների կողմից ներկայացվող ցուցակների մեջ չէ: Դրանք պահանջող վերակացուները կամ իրենց ճորտերի «սինյորներ» պատկերացնողները բոլորից լավ են հասկանում, որ ցուցակներ ներկայացնելը չի կարող երաշխավորել, որ դրանցում ընգրկված անձինք անպայման քվեարկելու են իրենց «բոսի» օգտին: Խնդիրն այն հոգեբանական, բարոյական ճնշման մեջ է, որը գործի է դրվում ցուցակներ ներկայացնելու պարտադրանքի և դրանում թերանալու դեպքում պատիժների ենթարկվելու սպառնալիքների ներքո: Սա անձի կամքը կոտրելու, նրան ցանկացած պարագայում վերահսկողության տակ լինելու համոզմունք ներշնչելու միջոց է: Նույն իմաստն ունի նաև ընտրակաշառքը: Այն բաժանողները ոչ թե փողով քվեարկության վրա են հույս դնում, այլ պարզապես ընտրակաշառք վերցնելը ընկալում են որպես քաղաքացու կողմից իր վրա աշխատելու «հասանելիության ապահովման» միջոց, իր ուղեղը մշակելու, իրեն սիստեմատիկ ճնշելու թույլտվության ակտ:     

Ռեյտինգային օլիգարխ թեկնածուներն իրենց թաղային ու ենթակա «հոգեորսորդներով» ընտրողների մեծ մասին դարձրել էին թաքնված մեկօրյա օգտագործման գործակալներ: Եվ այս իմաստով ընտրություններում սեփական պետության, իր՝ իբրև քաղաքացու, արժանապատվության հանդեպ հաղթանակ է տարել ստրկամիտ, ահաբեկված, ուղղորդված, սովետիզմով անդառնալիորեն հիվանդ մարդկանց թափորը: Իսկապես դժվար է որոշել՝ սեփական աշխատակիցներին ճորտի տեղ դրած անձի՞ վարքագիծն էր ավելի եղկելի, թե՞ նրան ծափահարողների: Ծափահարելը դիմադրության, ներքին բողոքի լուռ արտահայտություն չէ: Այն համախոհության և ինքնաճորտացման կամավոր ցուցադրություն է: Մարդիկ նախընտրում են ազնիվ լինել ոչ թե իրենք իրենց, այլ իրենց վերակացուի կամքի նկատմամբ: Նրանք ինքնակամ միացել են քաղաքացուն այս երկրից քշելու, հալածելու, ողջակիզելու խելակորույս արշավին: Նրանք համատեղ խրախճանք են սարքել քաղաքացու հոգեհանգստին:    

Այս ձայնագրությունը փաստում է, որ հաղթել է «գործ չտվողի»  և մտրակը ձեռքին վերակացուին ծափահարողի հոգեբանությամբ պասիվ հանցակից դառնալու դրվածքը: Որովհետև չեն ուզում կորցնել առօրեականը, հանապազօրյան, հայտնվել հողմաղացների դեմ անիմաստ և մենակ կռիվ տվող դոնքիշոտի կարգավիճակում:

Մեզանում պարզապես հաղթում է պրոֆեսիոնալ գողի, տվյալ դեպքում` մի կողմից քվե, մյուս կողմից խիղճը գողացողի հանցավոր գործարքը և հնազանդվողի ամուր նստած մտածողությունը: Իսկ սա պարտություն չէ առանձին վերցրած մեկ ընտրությունում: Սա պարտություն է սեփական երկրի ապագայի առջև:  

Գևորգ Դարբինյան