կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-22 14:54
Իրավական

«ՍԱՍ»-ի սկանդալային ժողովի գործը՝ նախաքննական գաղտնիք

«ՍԱՍ»-ի սկանդալային ժողովի գործը՝ նախաքննական գաղտնիք

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է «ՍԱՍ գրուպ»-ում տեղի ունեցած նախընտրական ժողովի աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ տեղեկություններ հայտնել՝ «ելնելով քրեական գործով իրականացվող նախաքննության գաղտնիությունից»: Նշենք, որ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՔԾ՝ ճշտելու` հիշյալ գործի շրջանակներում որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք կա՞ն, եթե` այո, ովքե՞ր են:

Բացի այդ` հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք նշանակվել է համապատասխան փորձաքննություն՝ պարզելու, թե ի՞նչ եղանակով և մեթոդներով է իրականացվել ձայնագրությունը:

Ի պատասխան մեր հարցմանը, ՀՔԾ-ից հայտնել էին, որ ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին համացանցում էր հայտնվել «ՍԱՍ գրուպ»-ում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկն աշխատակիցներին ցուցում տալիս աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել, որ քվեարկեն նրա օգտին, այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ: Ձայնագրությունում լսվում են նաև սպառնալիքներ:

Հիշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու դեպքի առթիվ: