կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-14 12:35
Քաղաքական

Գուցե միտումնավոր է արվել այլ ուժերի կողմից, բայց… Վահրամ Բաղդասարյանը` «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության մասին

Գուցե միտումնավոր է արվել այլ ուժերի կողմից, բայց… Վահրամ Բաղդասարյանը` «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ամփոփելով 5-րդ գումարման նստաշրջանը, այն գնահատեց արդյունավետ` շնորհակալություն հայտնելով իր բոլոր գործընկերներին. 5 տարիների ընթացքում խորհրդարանն ընդունել է 1020 օրենք, 190 միջազգային պայմանագրեր, ընդունվել են կարևորագույն օրենքներ` Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, Հարկային օրենսգիրք:

Լրագրողները նրան հարց ուղղեցին աղմկահարույց ձայնագրության մասին, որում «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեններից մեկը աշխատողների հետ ժողովի ժամանակ հեգնել, նվաստացրել ու աշխատանքից զրկելու սպառնալիք է հնչեցրել  ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար ընտրական ձայն չբերելու համար:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե չէր ցանկանա մեկնաբանել այդ աղմկահարույց ձայնագրությունը, քանի դեռ հաստատված չէ իրավապահների կողմից:

«Հուսով եմ` այդ ձայնագրությունը կուսումնասիրվի, և պարզ կդառնա, արդյո՞ք պատգամավորության թեկնածուն տեղյակ է եղել այդ հավաքի մասին, թե՞ ոչ»,- ասաց նա` չպատասխանելով հարցին` արդյո՞ք Արտակ Սարգսյանը պետք է վայր դնի իր մանդատը, թե՞ ոչ:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով` եթե անհրաժեշտություն լինի, ՀՀԿ ԳՄ նիստում կքննարկեն այդ ձայնագրությունը:

Լրագրողների հարցին` գուցե Արտակ Սարգսյանի մրցակիցնե՞րն են այդ ձայնագրությունը միտումնավոր հրապարակ նետել, նա պատասխանեց, որ ՀՀԿ-ում գզվռտոց չկա: «Գուցե միտումնավոր է արվել այլ ուժերի կողմից, բայց պետք չէ ենթադրություններով շարժվել, համբերեք, կուսումնասիրենք, դրան կանդրադառնանք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: