կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-28 12:56
Քաղաքական

Գլխավոր դատախազը տվյալներ չհաղորդեց «ՍԱՍ»-ի ժողովի վերաբերյալ

Գլխավոր դատախազը տվյալներ չհաղորդեց «ՍԱՍ»-ի ժողովի վերաբերյալ

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ քարոզարշավի ժամանակ համացանցում հայտնված և մեծ աղմուկ հանած` «ՍԱՍ» սուպերմարկետի հայտնի ժողովին: Մասնավորապես հարցին՝ այդ հայտնի ժողովից երկու ամիս է անցել, բայց մինչ այս պահը մեղադրյալներ չկան, հնարավո՞ր է` գործը կոծկվի, գլխավոր դատախազը պատասխանեց, որ եթե այս պահի դրությամբ որևէ անձի մեղադրանք առաջադրված չէ, ապա դա օրենքից բխող համապատասխան հետևանք է:

Դիտրակմանն էլ՝ մամուլում լուրեր հայտնվեցին, թե ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը, նա արձագանքեց. «Քանի որ հիմա նախաքննության փուլում է գործը, ես դրա համար տվյալներ՝ Արտակի եղբայր, մյուս,  փաստարկներ, հակափաստարկներ ճիշտ չի լինի` հրապարակեմ: Դա օրենքով սահմանված արգելք է»:

Դավթյանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր` հանրության ուշադրությանն արժանացած գործի վերաբերյալ եթե կայացվի վերջնական որոշում, ապա այն մանրամասն կներկայացվի և կդառնա հրապարակային: 

Հարցին էլ՝ չի՞ բացառում, որ մեղադրյալներ չգտնվեն, և գործը կարճվի, պատասխանեց, որ կբացառեր միայն այն դեպքում, երբ որոշում լիներ: «Քանի դեռ նախաքննություն է ընթանում, ես ոչինչ չեմ բացառում»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ տեսանյութ հայտնվեց համացանցում, որից պարզ երևում էր, որ «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցների հետ ժողով էր արվել և յուրաքանչյուրից պահանջվել ձայներ բերել Արտակ Սարգսյանի համար: