կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-15 11:18
Իրավական

Դատախազությունը «ՍԱՍ»-ի ժողովի սկանդալային ձայնագրությունն ուղարկել է ՀՔԾ

Դատախազությունը «ՍԱՍ»-ի ժողովի սկանդալային ձայնագրությունն ուղարկել է ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին  Hayastan24.com կայքը հրապարակել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկն աշխատակիցներին ցուցում տալիս աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել, որ քվեարկեն նրա օգտին, այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ: Ձայնագրությունում լսվում են նաև սպառնալիքներ:

Նշենք, որ նշված ձայնագրությունը պարունակում է  ՀՀ քրեական օրենսգրքի` առնվազն 149-րդ հոդվածի հատկանիշներ, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 11 996 ձայն։