կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-27 11:39
Իրավական

Տիգրան Մուկուչյանը խուսափեց «ՍԱՍ»-ի ժողովի վերաբերյալ հարցից

Տիգրան Մուկուչյանը խուսափեց «ՍԱՍ»-ի ժողովի վերաբերյալ հարցից

Արդեն երրորդ օրն է` ՍԴ-ում քննվում է Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի` 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած` Ազգային ժողովի ընտրությունների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը:

Դատարանում դաշինքի ներկայացուցիչները հարցեր են ուղղում պատասխանող կողմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է եղել ընտրությունների օրը ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկներով ինտերնետային հեռարձակման խափանման պատճառը: Մուկուչյանը հայտնեց, որ պատճառը գերծանրաբեռնվածությունն է եղել:

Զուրաբյանը հիշեցրեց նաև ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո համացանցում հայտնված` «ՍԱՍ» ընկերության նախընտրական ժողովը, որից պարզ է դառնում, որ ընկերության աշխատակիցներին ստիպում են ՀՀԿ-ական թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքել: Զուրաբյանը նշեց, որ այդ հավաքին, ըստ տարբեր հաշվարկների, մասնակցել է 200-400 անձ, և եթե պարզվի, որ Արտակ Սարգսյանի ձայները ձեռք են բերվել ապօրինի ներազդեցություններով, այս հանգամանքը կարելի՞ է համարել ընտրությունների վրա ազդեցություն ունեցող գործոն:

«Հիմա` 200, թե՞ 400»,- արձագանքեց Տիգրան Մուկուչյանը:

Զուրաբյանը կրկնեց, որ, ըստ տարբեր հաշվարկների, խոսքը «ՍԱՍ» ընկերության 200-ից 400 աշխատակիցների մասին է: Մուկուչյանը, սակայն, հարցին չպատասխանեց՝ նշելով, որ «եթե»-ներով հարցերին չի կարող պատասխանել:

Այս պահին գործով պատասխանող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցեր է ուղղում դիմող՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նորկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։