կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-13 20:28
Հասարակություն

Կյանքը`13-ամյա Էդվինի գույներով

Կյանքը`13-ամյա Էդվինի գույներով

-Էդվի'ն, նկարել շա՞տ ես սիրում:

-Շատ: Հա: Լավ եմ, չէ՞, նկարում:

13-ամյա Էդվին Հովսեփյանի նկարները` շուրջ 70 գործ, վաղը կցուցադրվեն Նկարիչների միությունում /ցուցահանդեսի բացումը` ժամը 16-ին/: Էդվինն աուտիզմի համախտանիշ ունի, հաճախում է Նորքի թիվ 2 օժանդակ դպրոցը, ինչպես նաև Աբովյանի նկարչական դպրոցը և My way աուտիզմի համախտանիշով երեխաների ուսումնավերականգնողական ցերեկային կենտրոն: Էդվինի հետ երկար զրուցել չի ստացվում. տղան աշխուժորեն խաղում է դասընկերների հետ` ուշադրությունը խաղի վրա սևեռած: Էդվինն անցած տարի իր առաջին անհատական ցուցահանդեսն է ունեցել Թերլեմեզյանում, սակայն մեկ տարվա ընթացքում հասցրել է 40-ից ավելի նոր նկարներ նկարել, որոնք կցուցադրվեն կայանալիք ցուցահանդեսում:

Էդվինի մայրը` Արմենուհի Հովսեփյանը, պատմում է, որ տղայի մոտ նկարչության հանդեպ սերն ու ձիրքը նկատել է, երբ նա դեռ 3 տարեկան էր` գեղեցիկ շրջանակներ է փորձել գծել, ինչ-որ պատկերներ նկարել: Իսկ երբ տղան սկսել է դպրոց հաճախել, տետրերի հետևի մասը սկսել է պատել նկարներով, որին հաջորդել է արդեն հեքիաթները նկարների վերածելը: Էդվինն Արմենուհու միակ երեխան է, կինը երեխային միայնակ է մեծացնում:

«Էդվինի մոտ նկարելու ցանկությունը շատ չկանոնակարգված գրաֆիկով է այցելում: Վերջերս իր «Գիշեր» նկարը նկարեց. կեսգիշերին` ժամը 1:30-ին, արթնացավ, քաշեց վարագույրն ու սկսեց նկարել այն, ինչ «տեսնում» էր: Թերլեմեզյանի տնօրենը` Աննա Մնացականյանը, մի օր ասաց, որ հետագայում Էդվինին կընդունեն իրենց ուսումնարանը, բայց երբ ասացի, որ նա ոչ մի կերպ չի լսում, թե ինչպես է պետք նկարել և նկարում է` ինչպես ինքն է ուզում, օրինակ` Էջմիածնի եկեղեցու պատերը գունավոր է նկարել իր գործում, տիկին Աննան պատասխանեց, թե` շատ լավ է, եթե դա չլիներ, մենք Վան Գոգ չէինք ունենա: Հիմա ես հույսս չեմ կտրում, որ տղաս Հայաստանի Վան Գոգը կդառնա»,- ասում է Արմենուհին:

Էդվինի մայրը դաշնամուրի ուսուցչուհի է, ժամանակին աշխատել է մասնագիտությամբ, բայց հետո աշխատանքը թողել է` հազիվ է հասցնում տղային մի պարապմունքից մյուսը տանել: Արմենուհին ասում է, որ երբ առաջին անգամ իմացել է, որ տղան աուտիզմի համախտանիշ ունի, չի իմացել, թե ինչ հիվանդություն է դա: Հետո սկսել է ինտերնետով ինֆորմացիա հավաքել և չի թաքցնում` սկզբում անելիքը չի իմացել: «Մի պահ ինձ թվաց` անզոր եմ, ընկա սթրեսի մեջ: Մեկ ամիս լացեցի, բայց հետո հասկացա` դրանից օգուտ չկա, ու որոշեցի պայքարել` պայքարել տղայիս ապագայի համար: Նրան տարա «Արբես» կենտրոն, բայց տանն էլ ես սկսեցի պարապել հետը. պատերի վրա նկարել էի գույները, պաստառներ էի փակցնում` մրգերի, կենդանիների նկարներով, ու սովորեցնում էի նրան: Նա շատ լավ տեսողական հիշողություն ունի: Այո, դժվար էր, բայց անհնարին ոչինչ չկա»,- ասում է Էդվինի մայրը:

Ըստ նրա` հասարակությունը դեռ լիարժեք նորմալ չի ընդունում ինչ-որ խնդիր ունեցող երեխաներին, թեև որոշ դրական տեղաշարժեր, իհարկե, կան: Առաջին խնդիրը, Արմենուհու խոսքով, ինֆորմացիայի պակասն է. մարդիկ, այդ երեխաների ծնողները պետք է իմանան` որ հիվանդությունն իրենից ինչ է ներկայացնում: «Կան ծնողներ, որ ասում են` ամոթ է, չեմ ուզում երեխային դուրս տանել, բայց ես դիտմամբ Էդվինին մանկապարտեզ, խաղահրապարակ էի տանում, որ մյուսների հետ շփվի: Ես չեմ ամաչում իմ երեխայի համար, գիտեմ, որ երեխաս խնդիր ունի, բայց դա ճակատագիր չէ, այլ` ապրելակերպ:  Դեռ հարց է` մե՞նք ենք ավելի խորն ընկալում կյանքը, թե՞ նրանք, չէ՞ որ նրանք ավելի մաքուր են կյանքը տեսնում, քան մենք: Էդվինն, օրինակ, չի հասկանում` ինչ է նշանակում սուտ խոսել: Թող ներեն ինձ բոլորը, բայց կարծում եմ` ոչ մի մայր իր երեխային չպետք է հանձնի մանկատուն` ինչ խնդրով էլ լինի երեխան»,- ասում է Արմենուհին:

Էդվինի մայրն ամբողջ օրը վազքի մեջ է, բայց նշում է, թե դեռ քիչ բան է անում  և, եթե մի քիչ ավելի հնարավորություն ունենար, ավելին կաներ: Խոսելով ցուցահանդեսի մասին` նա ասում է` որքան էլ դժվար էր այն կազմակերպելը, սակայն այն միայն իր և իր տղայի համար չի անում: Հիշում է, երբ առաջին ցուցահանդեսը եղավ, շատ ծնողներ, որոնց երեխաները նույնպես ինչ-ինչ խնդիրներ ունեին, ոգևորված իրեն էին զանգահարում և ասում, թե, փաստորեն, ամեն ինչ կորած չէ:

Թիվ 2 օժանդակ դպրոցի տնօրեն Սամվել Փիրոյանն էլ նշեց, որ, իրոք, Էդվինը տաղանդավոր տղա է, դրանում մեծ դեր ունի տղայի մայրը: Ըստ նրա` ծնողի դերը շատ մեծ է, քանի որ նկատել է` Էդվինի մայրը տանն էլ զբաղվում է տղայի կրթությամբ: «Ես միշտ հիանում եմ տղայի ծնողով, նա շատ հետևողական է: Ուրիշ տնօրեն լիներ, կասեր, թե միայն մեր շնորհիվ է, որ տղան նման տաղանդ ունի, բայց ազնիվ չէր լինի, քանի որ զգացվում է` մայրը դպրոցից դուրս զբաղվում է երեխայի կրթությամբ: Էդվինն այնքան լավ է նկարում, որ նրա նկարներից մեկը կախված է դպրոցի ուսուցչանոցի պատին»,- ասաց Փիրոյանը:

Նրա հավաստմամբ` խնդիրներ ունեցող երեխաների ծնողները պետք է հաղթահարեն իրենց վախերն ու սկսեն զբաղվել երեխայով, հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան: Ըստ տնօրենի` ոչ ոք ապահովագրված չէ և չգիտի` ինչպիսին է լինելու իր երեխան: «Մարդիկ իրենց մեջ պետք է կոտրեն սահմաններն ու կարծրատիպերը: Երեխան, որ ծնվում է, ոչ ոք չգիտի` ինչպիսի ընթացք է նրան սպասվում: Կան ծնողներ, որ, կարծես, մոռանում են երեխայի մասին, չեն զբաղվում նրանով, ինչը նրանց չիմացությունից և գիտելիքների բացից է գալիս, բայց կան նաև ծնողներ, որ փորձում են երեխայի մեջ առկա փոքրիկ կայծն անգամ զարգացնել: Օրինակ` Էդվինի ծնողը պատրաստ է անել ամեն ինչ, որ երեխան հասնի ինչ-որ բանի, և ես համոզված եմ, որ կգա ժամանակ, ու ի դեմս Էդվինի` կունենանք մեր Վան Գոգը»,- ասաց Փիրոյանը:

Ի դեպ, Էդվինի նկարներից մեկը Փարիզ է «մեկնել»` մասնակցելու մանկական նկարների մրցույթի, իսկ մինչ այդ երկու օր` ապրիլի 14, 15-ին, տղայի նկարները կցուցադրվեն Նկարիչների միությունում:

Կարինե Հարությունյան