կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 23:00
Հասարակություն

27-ամյա ռեփերը Կիևյան կամրջի վրա փրկել է 18-ամյա աղջկա կյանքը

27-ամյա ռեփերը Կիևյան կամրջի վրա փրկել է 18-ամյա աղջկա կյանքը

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Մանուկյանը նյութեր է նախապատրաստում այսօր Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր քաղաքացիները նկատել են, որ մի աղջիկ ոտաբոբիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել: Քաղաքացիները սկսել են աղջկան համոզել, որ չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել:

 

Այդ ժամանակ աղջկա հետ սկսել է բանակցել մի երիտասարդ, ով կարողացել է նրան հետ բերել վտանգավոր եզրագծից, հետո կատարվածի մասին տեղեկացրել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին: Ժամանած ոստիկաններն աղջկան տեղափոխել են Մալաթիայի ոստիկանության բաժին, իսկ այնտեղից ոստիկանության Մաշտոցի բաժին:

 

Կամրջի մոտ հավաքված մի քանի քաղաքացի ֆոտոլրագրողին ասել են, որ այդ երիտասարդը հանրությանն ավելի շատ հայտնի է Ռեփեր Արսեն անվանումով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` աղջկա կյանքը փրկող երիտասարդը 27-ամյա Արսեն Նիկողոսյանն է, իսկ ինքնասպանության փորձ կատարող աղջիկը՝ Երևանի բնակիչ 18-ամյա Արաքսյա Ս.-ն: Աղջիկը հավաքվածներին ասել է, որ ցանկացել է այդ քայլին դիմել, քանի որ մայրն իրեն դուրս է արել տնից:

 

Անգամ ականատեսները պատմում էին, որ կատարվածի մասին տեղեկացրել են մորը, սակայն մայրն անհանգստանալու փոխարեն բարկացել է, թե` դուք ինչո՞ւ եք փրկել նրան: