կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-11 17:22
Հասարակություն

Ադրբեջանի «մարդասիրությունը»` ծերերին խեղել, գլխատել Քյարամ Սլոյանին ու երեխա սպանել

Ադրբեջանի «մարդասիրությունը»` ծերերին խեղել, գլխատել Քյարամ Սլոյանին ու երեխա սպանել

Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` գրելով, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերը 2-3 անգամ ավելի են եղել: Ըստ լուրերի` հայկական կողմը միայն նոր է զոհերի մասին տեղեկատվությունը ջրի երես հանում: Լուրերի աղբյուրը, ըստ ադրբեջանական մամուլի, ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի թերապևտիկ հրամանատար, բուժծառայության մայոր Խորեն Ազարյանի և այլ ռազմական բժիշկների հայտարարություններն են, որոնք, բնականաբար, ադրբեջանական մամուլը խեղաթյուրված է ներկայացնում:

Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանի կողմից նման «բացահայտումը» սպասված էր: Բացի այդ, ըստ նրա, մեզ համար խոսել զոհերի մասին քանակային առումով` վիրավորական է, քանի որ նույնիսկ մեկ զոհն անդառնալի կորուստ է, ողբերգություն:

«Եղել են դեպքեր, երբ անմիջապես չի հայտարարվել զոհերի մասին, որովհետև տղաների ճակատագիրը հայտնի չի եղել` ո՞ղջ են, գերի՞ են, դրա համար գուցե երկու կամ երեք օր հետո ենք ասել տվյալները, բայց միշտ հրապարակել ենք այդ տվյալները: Փոխարենը կարող ենք ասել, որ քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը հսկայական` հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհեր է ունեցել, և նրանք թաքցնում են զոհերի թիվը: Այժմ գնալով դժվարանում է դա թաքցնել, քանի որ զոհերի ծնողները, հարազատները սկսել են բարձրաձայնել այդ մասին: Հիմա որպեսզի ալիևյան կլանի համար ոչ նպաստավոր զարգացումները մեղմեն, փորձում են այլ ինֆորմացիա տարածել: Ադրբեջանում ակտիվ քաղաքական շրջան է, քաղաքական ուժերի մի մասը դժգոհ է Ալիևի` իշխանության մենաշնորհից, կնոջն առաջին փոխնախագահ նշանակելու փաստից, ինչի համար էլ փորձում են շեղել ուշադրությունը նման անհեթեթություններով»,- ասաց Բաբայանը:

Ադրբեջանական մամուլը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղում կատարելով, նշում է նաև, թե ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք հեռահար հրթիռներ չեն օգտագործել` «մարդասիրությունից» ելնելով, բայց օգտագործելու դեպքում Հայաստանում քարը քարին չեն թողնի: Անդրադառնալով սրան` Բաբայանը նշեց` շատ շնորհակալ ենք նման «մարդասիրության» համար, նաև «շնորհակալ» ենք այնպիսի «մարդասիրության» համար, ինչպիսին տեղի ունեցավ Թալիշում, երբ կոտորեցին անմեղ ծերերին, երբ դպրոցի ճանապարհին սպանեցին երեխային: «Բացի այդ` Քյարամ Սլոյանի գլխատումն ու այլ զինվորների մարմինների խեղո՞ւմն է մարդասիրություն: Մարդասիրության մասին խոսում է մի բռնապետ և մոլագար, ով նույնիսկ պարգևատրել է այդ տականքներին, ովքեր նման քայլերի են դիմել: Այս ինֆորմացիան, ի դեպ, ոչ թե մեզ է ուղղված, այլ ապտակ է քաղաքակիրթ աշխարհին, Եվրոպային ու միջազգային ինստիտուտներին: Եթե վերջիններս ժամանակին Ադրբեջանին սանձազերծեին, եթե թույլ չտային Սաֆարովին կաշառքով Հունգարիայից բերել և հերոսացնել, նման հայտարարություններ այսօր Ադրբեջանը չէր անի: Փոխարենը լռեցին, ավելին` դրանից հետո էլ Բաքվում անցկացրին համաեվրոպական օլիմպիական խաղեր: Դրա համար էլ ադրբեջանական կողմը հիմա նման հայտարարություններ է անում»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Ըստ Բաբայանի` Ադրբեջանի ապտակը մեզ չի ուղղված, այլ` աշխարհին, քանի որ մենք շատ լավ գիտենք` Ալիևն ով է: Սա, փաստորեն, նրա գնահատմամբ, անհարգալից վերաբերմունք է հենց աշխարհի հանդեպ: