կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-04 12:31
Հասարակություն

Թուրքերը հավաքել են գյուղի բնակչությանը՝ ծերերին, երեխաներին և կանանց, լցրել են մարագն ու այրել

 Թուրքերը  հավաքել են գյուղի բնակչությանը՝ ծերերին, երեխաներին և կանանց, լցրել են մարագն ու այրել

Դիլբար Հովհաննիսյանի պատմությունը

Խնուս

Գոռ Գալստյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մորական տատի պատմությունը: Երբ գյուղի տղամարդկանց զորակոչել են, նա մնացել է միայնակ 3 երեխայի հետ: Ավագ որդուն հանձնել է հարևան քրդին՝ գաղթի ճանապարհը բռնելով մյուս երկուսի հետ: Փոքր տղան ճանապարհին մահանում է, և Էջմիածին է հասնում միայն մեկ որդու հետ:

 

«Այս պատմությունը պատմել է մորական տատս՝ Դիլբարը, ամուսնական ազգանունը՝ Հովհաննիսյան, ամուսնու իսկական անունը չգիտենք, բայց հայտնի է եղել Գենջո մականունով: Նրանք ապրել են Խնուս բնակավայրում: Կոտորածի ժամանակ նրանց մեծ գերդաստանից նույնպես գրեթե բոլոր տղամարդկանց զորակոչել են բանակ, այնուհետև նրանք ստացել են տեղեկություն, որ 33 տղամարդ իրենց գերդաստանից սպանվել է: Դիլբարն ունեցել է 4 տղա, նրանցից մեկը մինչև կոտորածները մահացել է, երբ Դիլբարն ամուսնուն հաց է տարել դաշտ, 3 տարեկան երեխան գնացել է նրա հետևից ու ընկնելով գետը՝ խեղդվել է: Գենջոյի մասին գիտենք, որ նա եղել է իրենց բնակավայրի ամենուժեղ տղամարդկանցից մեկը, ում ինչպես այդ ժամանակվա ժողովուրդն է ասել, թիկունքը գետին դրող չի եղել, նա նաև շատ լավ ձիավարել է: Գենջոյի եղբոր կինը եղել է շատ գեղեցիկ կին, չնայած վատ լսողություն է ունեցել, թուրքը նրան զոռով կնության է տարել: Նրանք ունեցել են 3 տարեկան երեխա, որը մնացել է առանց ծնողների: Կինը ժամանակ առ ժամանակ թուրք ամուսնուց գաղտնի գնացել է երեխայի մոտ, մի անգամ էլ նրան գտել է տան շեմի մոտ սպանված, ինչքան մենք ենք հիշում պատմածներից՝ թուրքերը թրով սպանել էին նրան:

 

Տղամարդկանց հավաքագրելուց հետո, Դիլբարը մնացել է իր 3 տղայի հետ, մեծ տղան՝ Հովհաննեսը, ծնված 1907 թվականին, միջնեկ տղան՝ Ազատ, ծն. 1911 թ., և երրորդ տղան՝ անունը չգիտենք, եղել է փոքր՝ մոր գրկում: Կոտորածների մասին լուրերը լսել է իրենց հարևան թուրքից, որը հորդորել է Դիլբարին վերցնել երեխաներին ու փախչել: Դիլբարը եղել է իրենց գյուղի ակտիվ կանանցից մեկը, տիրապետել է վարժ թուրքերեն և քրդերեն լեզուներին: Դիլբարը, լսելով կոտորածների մասին, որոշել է մեծ տղային՝ Հովհաննեսին, հանձնել իրենց քուրդ հարևաններից մեկին, ով ասել է, որ կարող է թողնել Հովհաննեսին իր մոտ, և երբ ամեն ինչ ավարտվի, կարող է վերադառնալ ու հետ տանել իր տղային: Հովհաննեսի ձախ թևի դաստակի վրա մեծ սպիանման խալ է եղել, որը եղել է ծաղիկ հիվանդության հետևանք, ինչպես այդ ժամանակներում են ասել, նշան է ունեցել: Թուրքերը հասնելով իրենց գյուղ, հավաքել են գյուղի մնացած բնակչությանը, ծերերին, երեխաներին և կանանց, լցրել են մարագներից մեկը, որ այրեն:

 

Դիլբարն իրենց տան ոսկեղենը լցրել ու կարել էր իր գոտու մեջ, և երբ մարագի դռները արդեն փակել են, որ այրեն, Դիլբարը մեջքի գոտին արձակում, նետում է, ինչպես նրանք են ասել, ասքյարների առաջ, ու թուրքերեն լեզվով խնդրել, որ թողնեն գրկի փոքրիկ երեխային, ով կարմրուկով հիվանդ է եղել, ջուր խմեցնի մինչև մեռնելը: Ըստ Դիլբարի խոսքերի, ասքյարներից մեկի խիղճը տանջել է և նա վերցնելով ոսկով գոտին Դիլբարին իր երեխաների հետ դուրս է թողել մարագից, նա փախել է երկու երեխաների հետ, այլևս այնտեղից լուրեր չի ունեցել:

 

Որոշ ժամանակ անց վերադառնում է քրդերի այն գյուղը, որտեղ թողել էր Հովհաննեսին, որպեսզի վերցնի իր հետ ու հետո փախչի, բայց գյուղն արդեն դատարկված է լինում: Գյուղում մնացած մի ծեր մարդ, ով ճանաչել է նրան, ասել է «Դիլբար, բոլորը գյուղից քոչել են, իրենց հետ են տարել նաև Հովհաննեսին», որն 8 տարեկան է եղել, դրանից հետո Հովհաննեսի մասին մինչև օրս լուրեր չենք ունեցել: Էլի մի քանի փախստականների հետ նրանք փախչել են դեպի Արևելյան Հայաստան: Առաջին օրերից մեկում գիշերել են Մուրադ կոչվող գետի կամրջի տակ, հիմնականում ցերեկները թաքնվել են, գիշերները շարունակել փախչել: Պատմում են, որ Մուրադ գետը արյունից կարմրած է եղել, և անընդհատ դիակներ է բերել:

Գաղթի ճանապարհին գրկի փոքր երեխան մահանում է, մի մեծ քարի տակ փոքր փոս փորելով՝ թաղել է երեխային ու շարունակել ճամփան արդեն միայն Ազատի հետ: Նա պատմել է, որ ճանապարհին գաղթականների այդ խումբն ունեցել է մի թաս, որի մեջ և լվացք էին անում և ունեցած փոքր քանակի ալյուրից հաց թխում: Մեծ տանջանքով հասնում են Հայաստանի ներկայիս սահմանները և նույնպես դժվարությամբ անցնելով Արաքս գետը, որը գարնան հեղեղումներից վարարած է եղել, և այդ ժամանակ նույնիսկ շատերին չի հաջողվել իրենց երեխաներին անցկացնել գետ, շատերը խեղդվել են գետում: Դիլբարը Ազատին շալակած անցնում է գետը և մյուս փրկվածների հետ հասնում Էջմիածին քաղաքի շրջակայք: Որոշ ժամանակ մնացել են Էջմիածնի տաճարում կամ որբանոցներում: Դիլբարն իրենց նոր բնակավայրում՝ ներկայիս Հայթաղ գյուղում, ծանոթանում է Հարություն Մովսիսյանի հետ, որը նույնպես գաղթական հայ էր, ով գաղթել էր Մուշի տարածքից: Նրանք ամուսնանում են, ունենալով երկու աղջիկ՝ 1922 թ. ծնվում է մայրս՝ Հայկանուշ Մովսիսյանը, իսկ 1924 թ.՝ մորաքույրս՝ Սիրանույշ Մովսիսյանը:

 

Հարություն Մովսիսյանի Հայաստան գաղթելու մասին տեղեկություններ չունենք, միայն նրա ազգականը, հավանաբար հորեղբայրը կամ հորեղբոր ժառանգներից՝ Տոնոյան Համոն, բնակվել է Անի Պեմզա Բուղդաշեն գյուղում, կնոջ անունը՝ Ազգուշ, նրանց երեխաները՝ Ալինա, Սուսաննա, Սուրիկ, Արեստակ, Էդիկ: Հարություն Մովսիսյանն ունեցել է երկու քույր, Հայկանուշ և Սիրանույշ անուններով հենց նրանց հիշատակին էլ իր աղջիկների անունը դրել է Հայկանուշ և Սիրանույշ: Նա պատմել է, որ կոտորածի ժամանակ, Հայկանուշն իր ամուսնու հետ տան պատուհանից ամուսնու հետ կռվել է թուրքերի հետ, թուրքերը չկարողանալով մտնել տուն, դրսից այրում են տունը, Հայկանուշն ու ամուսինը մահանում են իրենց տան մեջ: Հարությունը հետո տան միջից կարողանում է գտնել քրոջ Հայկանուշի երկար հաստ մազի հյուսերը: Հարությունի մյուս քույրը՝ Սիրանույշը, շատ գեղեցիկ է լինում, և մի թուրք հանավանաբար մեծահարուստ մեկը, նրան բռնի կերպով տանում է կնության: Սիրանույշը, չցանկանալով թուրքի կին դառնալ, խնդրում է նրան թույլ տալ, մտնելու բաղնիք, ասելով որ մաքրվելուց հետո արժանի լինեմ քեզ, մտնելով բաղնիք նա սեփական գոտիով կախվում է առաստաղից, ինչպես իրենք են ասել օճորքից, այդպիսով ինքնասպան է լինում: Թուրքը տեսնելով, որ Սիրանույշը ուշանում է, ծառաներին ուղարկում է Սիրանույշի հետևից, ծառաները գալով նրան խեղդված մահացած են գտնում: Թուրքը բարկանալով, Սիրանույշի մարմինը կապում է ձիուց, ու քարշ տալիս գյուղի տարածքում:

 

Ազատը 1941 թ. մեկնում է պատերազմ, մինչև 1945 թ. մայիս 1-ին նրանից նամակ ենք ստացել, դրանից հետո այլևս որևէ լուր չունենք նրանից, չնայած որ այսպես կոչված «սև թուղթ» նրա անունով չենք ստացել: Ըստ համագյուղացի հայթաղցի Միսոյի պատմածի, Ազատը պատերազմի ավարտից հետո անցել է Ֆրանսիա: Ըստ մորս պատմածների Ազատը չի սիրել խորհրդային կարգերը և նպատակ է ունեցել պատերամից հետո գտնել կորած եղբորը՝ Հովհաննեսին: Մայրս միշտ մտածում էր, որ իր եղբայր Ազատը վերադառնալու է, ու ամեն դռան թակոցից ներքուստ ուրախանում էր, մտածելով որ կարող է Ազատը լինել: Սիրանույշը՝ մորաքույրս, ամուսնացել է Վարազդատ Սարգսյանի հետ, ունեցել է 2 տղա, Սարգիս և Սամվել, Սարգիսը մահացել է, Սամվելը ներկայումս բնակվում է Հայթաղ գյուղում: Մայրս հորս՝ Երջանիկ Գալստյանի հետ ծանոթացել է Զովունի գյուղում, նրանք ունեցել են 2 երեխա, ես Գոռ (Բաբիկ) և քույրս Սուսան (Նիգյար), մենք բնակվում ենք Զովունի գյուղում»: