| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց համայնքների զարգացման հնգամյա ծրագրի վերաբերյալ: 2016-ի դեկտեմբերին համայնքների ղեկավարներին տրվեց համայնքների զարգացման հնգամյա ծրագրի նոր մեթոդաբանության վերաբերյալ հանձնարարական: Արդեն ստացվել են 923 համայնքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև բնակիչների հետ հանդիպումները ցույց են տվել, որ համայնքների ղեկավարներն այդ ծրագրերը ոչ լիարժեք են քննարկել բնակիչների հետ:
«Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքների բնակիչները տեղյակ չեն եղել այդ ծրագրերի մասին: Հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին` մեկամսյա ժամկետում կազմակերպել համապատասխան ծրագրերի վերանայման գործընթաց` լիարժեք ներառելով համայնքի բնակիչներին այդ ծրագրերի քննարկումներին»,- ասաց վարչապետը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվեց եռաշաբաթ ժամկետում ընտրել համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ կազմակերպել քննարկում կառավարության աշխատակազմի հետ:
Մեկնաբանելով այդ հանձնարարականը` Կարեն Կարապետյանը նշեց. «Բազմաթիվ մեր քաղաքացիները բարձրացնում են ոչ լոկալ, ոչ անձնական խնդիրներ, որոնք, պարզվում է, տեղ չեն գտել համայնքների զարգացման ծրագրում: Այնինչ` համայնքի ղեկավարը բոլոր մակրոխնդիրները` աշխատանքի, զբաղվածության, ենթակառուցվածքների և այլնի վերաբերյալ պետք է ներկայացնի: Պարո'ն Տերտերյան, հստակ հետևեք այս հանձնարարականի կատարմանը: Այն վերլուծական կենտրոնը, որ ստեղծել ենք, արդեն մեզ պետք է տար տեղեկություններ տարածքների անհամաչափ զարգացման մասին, որը պետք է ուղեցույց լինի մարզպետների համար»:
Ըստ նրա` գերմանական կառավարության մի ծրագրով պետք է կազմակերպել բոլոր համայնքների ղեկավարների ուսուցման ծրագրեր, Ամերիկյան համալսարանի հետ համագործակցել ու համապատասխան դասընթացներ կազմակերպել մարզպետների համար` ռեգիոնալ կառավարման վերաբերյալ: