կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-24 11:35
Քաղաքական

Սիս և Նորակերտ համայնքների ՀՀԿ-ական ղեկավարները հրաժարական են ներկայացրել

Սիս և Նորակերտ համայնքների ՀՀԿ-ական ղեկավարները հրաժարական են ներկայացրել

Կառավարության օրակարգում է Արմավիրի մարզի Նորակերտ, Արարատի մարզի Սիս համայնքներում արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու հարցը:

Երկու համայնքներում էլ նախատեսվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել  2019 թվականի հունիսի 9-ի, քանի որ 2018 թվականի դեկտեմբերին երկու համայնքների ղեկավարները հրաժարականի դիմում են ներկայացրել:

Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանը, որը համայնքապետ էր ընտրվել 2018 թվականի մարտի 11-ին, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով հրաժարականի մասին, ասաց, որ դա անձնական որոշում է: «Կոնկրետ պատճառ չկա: Ինձ բիզնեսում եմ տեսնում` շինանյութի վաճառքով եմ զբաղվելու: Հայրս էր զբաղվում, բայց առողջական խնդիրներ ունի, հիմա ես եմ ցանկանում զբաղվել»,- ասաց նա:

Մեր ճշտող հարցին` ճնշումների արդյունքո՞ւմ չի կայացվել այս որոշումը, նա արձագանքեց. «Իմ հարաբերությունները թե' նախկին, թե' ներկայիս իշխանությունների հետ լավ են, միշտ էլ լավ եղել է»:

Փորձեցինք կապ հաստատել նաև Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանի հետ: Մեր հեռախոսազանգին պատասխանեց նրա եղբայրը: Երբ հետաքրքրվեցինք եղբոր հրաժարականի մասին, նա արձագանքեց. «Ուղղակի չէր ուզում աշխատել»:

Նշենք, որ 2018 թվականի մայիսի 15-ին Նորակերտ համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը և պահանջել 16 տարի համայնքը ղեկավարող Կարապետյանի հրաժարականը:

Մեր ճշտող հարցին` բնակիչների պահա՞նջն է ստիպել, որ համայնքապետը հրաժարական տա, կամ գուցե ճնշումներ են եղել նրա վրա, պատասխանեց. «Բնակիչների` փողոց փակելը կապ չունի որոշման հետ, դրանից հետո նա շարունակել է պաշտոնավարել 6-7 ամիս»:

Նշենք, որ թե' Սիսի և թե' Նորակերտի` արդեն նախկին համայնքապետերը ՀՀԿ կուսակցության անդամներ են: Նորակերտի բողոքի ակցիաների ժամանակ Կարապետյանը հայտարարել էր, որ իր ու համայնքապետարանի աշխատանքի դեմ ուղղված բողոքի պատճառ համարում է միայն իր՝ ՀՀԿ անդամ լինելը, ու նշել էր, որ պահանջներն անհիմն են: